ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ «ՕՐԿԱ» ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  Ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանին հայ հանդիսատեսն այսուհետ ծանոթ է նաև որպես դասական երաժշտի: Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում էր առաջին անգամ։

  «Ձեռքբերում եմ համարում, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտն անդրադարձել է սիմֆոնիկ երաժշտությանը: «Օրկան» կյանքի դժվարությունների մասին է, բայց նրանում կա հաղթանակ: Չնայած Սերժ Թանկյանը ռոքի ջատագով է՝ այս սիմֆոնիայում ռոքի տարրեր չկան. այն ունի հստակ գաղափարախոսություն և պարզ տեսլական»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Սերգեյ Սմբատյանը:

 «Orca Symphony No 1»-ը ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Երաժիշտն ասում է, որ «Օրկան» գրել է մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:

  «Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում:

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին:

«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ո՛չ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է: Հույս ունեմ, որ կհավանեք «Օրկայի» չորս բաժինները, և ևս մեկ անգամ շնորհակալ եմ, որ լինելու եմ Խաչատրյանի փառատոնի մասնիկը»,- ասում է Սերժ Թանկյանը:
 Համերգը մեկնարկեց խաչատրյանական մթնոլորտում. հնչեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը՝ Լևոն Կարապետյանի կատարմամբ: Երիտասարդ դաշնակահարը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ ուսանել է հայտնի դասախոսների մոտ, նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերել. «Ուրախ եմ, որ ինձ հրավիրեցին մասնակցելու այս փառատոնին, որը հրաշալի է: Առաջին անգամ եմ հանդես գալիս Երիտասարդական նվագախմբի հետ: Փորձը շատ լավ է անցել, անհամբերությամբ սպասում եմ համերգի մեկնարկին»,- ասել էր նա:

 Համերգի երկրորդ հատվածում կայացավ պրեմիերան: Բեմում էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և դուդուկի մենակատար Ջիվան Գասպարյան Կրտսերը: Թանկյանի ձեռագիրը, իհարկե, չնկատել ու չզգալ հնարավոր չէր. նրա դասական սիմֆոնիան էլ նույնքան «խենթ» էր, էմոցիոնալ, պոռթկուն ու երաժշտական, որքան նրա ռոքը: Օրվա գլխավոր հերոսը դահլիճից հետևում էր համերգի ընթացքին, իսկ ավարտին բարձրացավ բեմ ու իր հիացմունքը հայտնեց հայ երաժիշտների կատարման մասին.

  «Շատ շնորհակալություն: Ինձ համար հիանալի մի բան է սա՝ իմ սիմֆոնիան հնչում է Հայաստանում՝ այս դահլիճում և այս գեղեցիկ երիտասարդների կատարմամբ: Շատ հիացա ու տպավորվեցի և, ճիշտն ասած, հուզվեցի: Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին: Սա ֆանտաստիկ գործ էր: Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այլ այստեղ են՝ այս բեմում: Մեր մշակույթին ու մեր երաժշտությանը պետք է միշտ քաջալերենք»,- ասաց Թանկյանը:

 Հայ հանդիսատեսը շատ երկար ծափահարեց ու բարձր բրավոների ուղեկցությամբ ճանապարհեց լեգենդար երաժշտին: Հիմա նրա ստեղծագործություններին Հայաստանում անհամբերությամբ կսպասեն ոչ միայն ռոք երաժշտության, այլև դասական գործերի սիրահարները:


Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարը՝ News.am-ի
  • Created on .
  • Hits: 2789

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: