«YEREVAN JAZZ FEST 2017»-Ի ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՄԵԳԱԱՍՏՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 «Yerevan Jazz Fest» փառատոնն այս տարի մեկնարկեց հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող, բազմաթիվ երաժշտական գործիքների վարպետ Մարկուս Միլլերի համերգով: Փառատոնի հանդիսավոր բացմանը նվիրված մամուլի ասուլիսին այսօր հանդես եկան հայ ջազմեններ Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վազգեն Ասատրյանը, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը և ինքը` Մարկուս Միլլերը:

 «Գրեմմի» մրցանակակիր այս տաղանդաշատ երաժիշտը դեռ 13 տարեկանից տիրապետել է այնպիսի գործիքների, ինչպիսիք են դաշնամուրը, կլառնետը, բաս կիթառը և բլոկ ֆլեյտան: Երբ լրագրողները հետաքրքրվեցին` այս գործիքներից ո՞րն է իրեն ավելի հոգեհարազատ, երաժիշտն անկեղծացավ` բարեբախտաբար մարդիկ չեն ստիպում ընտրել միայն մեկ գործիք. «Երբ գրում եմ, ստեղծագործում, օգտագործում եմ դաշնամուրը: Կլառնետ եմ նվագում 10 տարեկանից ի վեր: Բայց եթե ինձ տալու լինեք միայն մեկ գործիք, դա կլինի բասը»:

 Միլլերն իր ստեղծագործական ուղու ընթացքում համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Մայլզ Դևիսը, Էրիկ Կլեպտոնը, Հերբի Հենքոքը, Սթիվի Վանդերը, Լյութեր Վանդրոսսը, Դևիդ Սենբորնը և այլք: Ասում է` նրանք են իր մեծությունները, նրանց օգնությամբ է հաջողության հասել: 1986 թ. Միլլերի և Մայլզի համագործակցության արդյունքում ծնվում է իր բնույթով բացառիկ «Tutu» ձայնասկավառակը, որտեղ Միլլերը հանդես է գալիս որպես պրոդյուսեր: Իսկ 2001թ. նրա «M2» ձայնասկավառակն արժանանում է «Գրեմմի» մրցանակի «Ժամանակակից ջազի լավագույն ձայնասկավառակ» անվանակարգում:

 Հայ երաժիշտների գործերը լսելու առիթ դեռ չի ունեցել, բայց համոզված է՝ «Yerevan Jazz Fest 2017»-ը դրա լավագույն հնարավորությունն է. «Ծրագրում եմ այստեղից հեռանալ տասնյակ ձայնասկավառակներով, քանի որ տնային աշխատանք ունեմ կատարելու»,- ասաց Միլլերը, և հենց այդ պահին Լևոն Մալխասյանը նրան անակնկալ մատուցեց՝ նվիրելով ձայնասկավառակների մի փաթեթ: «Հենց սրա կարիքն էլ ունեի»,- նկատեց Միլլերը:

 Հարցին՝ ջազն ակումբայի՞ն երաժշտություն է, թե՞ համերգային, բասիստն ասաց, որ ինքը շատ է սիրում ջազն ակումբում, քանի որ հենց այնտեղ էլ ստեղծվել է ջազը. «Մասնավորապես ԱՄՆ-ում շատ կարևոր է ջազն ակումբից հանել համերգասրահ` այդ ժանրի հանդեպ ունեցած հարգանքի մակարդակը պահելու համար: Մարդիկ ակումբային երաժշտությունը մեկ մակարդակ ցածր են համարում, իսկ համերգայինը բարձունքներում են դիտարկում: Այս առումով շատ կարևոր էր, երբ Դյուք Էլինգթոնը «Քարնեգի» սրահում վերջապես ջազ երաժշտությամբ հանդես եկավ: Ջազի ոլորտում աֆրոամերիկացիների համար դա մեծ իրադարձություն էր»,- նշեց նա:

 Նշենք, որ այս տարի փառատոնը տարբերվելու է նրանով, որ հյուրընկալվելու է մեկ այլ քաղաքի՝ Երևանից բացի: Կամո Մովսեսյանն ասում է, որ դա դառնալու է ավանդույթ, և ամեն տարի փառատոնային օրերից մեկը նվիրվելու է Հայաստանի մյուս քաղաքներին. «Այս տարի մենք հյուրընկալվելու ենք Գյումրիում, և անչափ ուրախ ենք այդ առիթով: Պետք է նաև ասեմ, որ այսօրվա համերգի բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Առաջին անգամ է, որ այսքան մեծ հետաքրքրություն կա փառատոնի նկատմամբ: Ես վստահ եմ, որ գալիք տարիներին մենք մեր թիմով անելու ենք ամեն ինչ, որ այդ հետաքրքրությունն ու պահանջարկը որակյալ երաժշտության հանդեպ միայն ավելանա»:

 Հավելենք, որ փառատոնն այս տարի նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավետիս Զիլջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը: «Yerevan Jazz Fest»-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը, և փառատոնային օրերի ընթացքում համերգներով հանդես կգան ինչպես Մարկուս Միլլերը, այնպես էլ աշխարհահռչակ ջազ-դաշնակահար, «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, Իգոր Բուտմանը, Պակոն, Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և այլ երիտասարդ ու տաղանդաշատ ստեղծագործողներ:


Աստղիկ Իսկանդարյան

0մարկուս1

0մարկուս2

0մարկուս3

0մարկուս4

0մարկուս5

0մարկուս6

0մարկուս7

0մարկուս8
  • Created on .
  • Hits: 3433

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: