ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԸ` «ԿԵՆԴԱՆԻ ԴԵՄՔԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ

 Հոկտեմբերի 20-22-ը Ռուսաստանի Տյումեն քաղաքում կայացած «Կենդանի դեմքեր» («Живые Лица») 9-րդ երիտասարդական թատերական փառատոնից Երևանի մնջախաղի պետական թատրոնը մրցանակով է վերադարձել: Թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանն արժանացել է հատուկ մրցանակի`«Լավագույն կին դերակատար»:

 Նշենք, որ Մնջախաղի թատրոնը փառատոնին մասնակցում էր իր խաղացանկային «Խաղ» ներկայացմամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի բեմադրած այս ներկայացման հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա և վերջապես մահ: Սրանք են ողբերգական պատմության հիմնական գաղափարները: Հանդիսատեսի առջև բացվում է զգացմունքների հարուստ աշխարհ, որը ներկայացվում է ժեստերի լեզվով: Դերասանները «երգում են ձեռքերով», սիրում են, ատում, ցանկանում ու տառապում: Եվ քանի որ ներկայացումն առանց խոսքերի է, երաժշտությունն օգնում է ստեղծել շարժվող նկարի պատրանք:

 Փառատոնի ժյուրիի կազմում այս տարի ընդգրկված էին հայտնի թատերական քննադատներ, դերասաններ ու ռեժիսորներ, այդ թվում` Պավել Ռուդնևը, փառատոնի հիմնադիր Մարինա Ժաբրովեցը, Սերգեյ Ռադչենկոն և Արտյոմ Վասիլևը: Նաիրա Եդիգարյանը դժվարանում է ասել, թե ինչու հենց իրեն ընտրեցին որպես լավագույն կին դերակատար, կարծում է` ասելիքն է տեղ հասել: Իսկ իր դերն ու կերպարն այսպես է բնութագրում. «Մարմնավորում էի թագուհու` ինձ համար շատ խոր հոգեբանական կերպար, որը ողջ խաղի ընթացքում մտորումների մեջ է` երբեմն ճնշված, երբեմն վիրավորված, երբեմն անէացած, պատրաստ ամենասոսկալի արարքի: Հույզերը դանդաղ, աննկատ հասունանում են` կառավարելով մարդու ողջ գիտակցությունը, դառնալով այլևս վտանգավոր մի խաղ, որտեղ օրենքներ սահմանված չեն, և հույզերն ընդունակ են ցանկացած մակընթացության»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

 Փառատոնի առաջին օրը տեղի ունեցավ միջազգային գիտագործնական համաժողով («Театр тотального присутствия»), որի հիմնական թեմաներն էին`ժամանակակից մարդը ժամանակակից թատրոնում, երիտասարդական թատրոնը որպես նորարարության հարթակ: Համաժողովի շրջանակում Ժիրայր Դադասյանը ներկայացրեց ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:

 Հավելենք, որ «Խաղ» ներկայացումը կարող եք դիտել նոյեմբերի 2-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում: Մեկ գործողությամբ այս ներկայացումը համարվում է թատրոնի լավագույն բեմադրություններից մեկը, որն ընկալվում է իբրև սիրո և գեղեցկության օրհներգ:


Աստղիկ Իսկանդարյան

0 0 նարինե
  • Created on .
  • Hits: 3798

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: