ՋԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ․ «YEREVAN JAZZ FEST»-Ի ԱՐՏԱԳՆԱ ԿԱՆԳԱՌԸ

 Առաջին անգամ «Yerevan Jazz Fest»-ի շրջանակում համերգ տեղի ունեցավ նաև Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում։ Ջազի հայկական ասոցիացիան ու «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը, համագործակցելով Գյումրիում ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Մկրտիչ Մանուկյանի հետ, որոշել էին` փառատոնի երևանյան անվանումը չի խանգարում ջազաֆիկացնել նաև Գյումրին։

 «Yerevan Jazz Fest»-ի երրորդ օրը Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսականին ներկայացան Լևոն Մալխասյանը, Ռուսաստանից ժամանած Իգոր Բուտմանը, ֆրանսահայ Ալեքսիս Ավագյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբն ու Լուսինե Սարգսյանը։ Վերջինս պատիվ համարեց ոչ միայն ջազ ֆեստի շրջանակներում երգելը, այլև հարազատ քաղաքում համերգի բացումը։

 Համերգից հետո Իգոր Բուտմանը նախ խոսեց հայկական խոհանոցի, ջերմ ընդունելության ու հայերի ջազասիրության մասին, հետո վստահեցրեց՝ այս փառատոնի մասին իր երկրում ու միջազգային ասպարեզներում ոչ միայն շատ խոսում, այլև գովերուգում են այն։ Ինքը պարզապես սիրով եկել է համալրելու այն համաշխարհային անունների ցանկը, որ իր պատմության մեջ ունի «Yerevan Jazz Fest»-ը։

 Ֆրանսիահայ Ալեքսիս Ավագյանն ասաց, որ Գյումրին իր առաջին կանգառն էր, և երկու քաղքանի հանդիսականին կհամեմատի, երբ մայրաքաղաքում էլ նվագի։

 Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը խոստացավ՝ առաջինը չի լինի վերջինը․ ամենամյա միջազգային ջազ փառատոնը հաջորդ տարիներին ևս իր կանգառը կունենա Գյումրիում։

 Կամո Մովսեսյանը պարգևատրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհակալագրով՝ մեկ օրը Գյումրիում անցկացնելու և քաղաքում ջազային կյանքի զարգացմանը նպաստելու համար։

 «Yerevan Jazz Fest»-ը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը։ Մինչև հաջորդ փառատոնը Գյումրիում ջազային կյանքի ակտիվացում խոստանում են նաև «Ջազը և Գյումրին» նախագծի կազմակերպիչները։

Լիլիթ Թովմասյան

0 0 0գյումրի1

0 0 0գյումրի2

0 0 0գյումրի3

0 0 0գյումրի4

0 0 0գյումրի
  • Created on .
  • Hits: 2913

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: