«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ»․ ԱՄՓՈՓՈՒՄ

 Այս օրերին մայրաքաղաքը լի էր պատկերներով: Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ 9-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի փակման արարողությունը։

 «ՌեԱնիմանիան անհամբեր սպասվող, սիրված ու յուրահատուկ փառատոն է մեր երկրում և իր որակով միակը տարածաշրջանում: Ես հավատում եմ և վստահ եմ , որ մեր ուղին կանաչ է, և մենք ականատես ենք լինելու շատ լուրջ և կարևոր անիմացիոն ֆիլմերի արտադրությունը»,- ասել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

 Հայտարարվեցին 5 մրցութային ծրագրերի հաղթողներն և հատուկ մրցանակների դափնեկիրները։

 Լավագույն երաժշտական հոլովակ
 Ձկնորս/ Չեխիայի Հանրապետություն
 Ռեժիսոր՝ Մարտին Զիվոցկի
 Երաժշտական հոլովակների մրցույթ՝ Հատուկ հիշատակում
 Տիմբրտոն. Բալթյան երգ/ Լեհաստան
 Ռեժիսոր՝ Մագդալենա Պիլեցկա

 «Շատ դժվար ընտրություն էր, բայց մեր բախտը բերեց, ժյուրիի երեք անդամներս էլ համակարծիք էինք, որոշումը կայացնելուց որևէ տարակարծություն չի եղել»,- նշեց ժյուրիի անդամ Անուշիկ Հարությունյանը:

 Լավագույն ավարտական ֆիլմ
 Քառակուսին/ Ռուսաստան
 Ռեժիսոր՝ Յակով Կռուգովիխ
 Ավարտական ֆիլմերի մրցույթ՝ Հատուկ հիշատակում
 Ահա գալիս է ինքնաթիռը/ Արգենտինա
 Ռեժիսոր՝ Նիկոլաս Սոլե Ալինյանի
 Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ
 Խոզուկ։ Վայրին/ Ռուսաստան
 Ռեժիսոր՝ Նատալյա Բերեզովայա
 Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմերի մրցույթ՝ Հատուկ հիշատակում
 Փոքրիկ անտառային պատմություններ/ Ռուսաստան
 Ռեժիսոր՝ Վերոնիկա Ֆեդորովա

 Փառատոնին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Վրեժ Քասունին ասաց, որ Ֆրանսիական դեսպանությունը առաջիններից էր, ով աջակցեց իրենց`ցանկացած հարցում օգնելու պատրաստականությամբ: «Կարող եմ ասել, որ Ֆրանսիակն դեսպանությունը համահիմնադիր է: Հուրախություն ինձ` նորանշանակ դեսպանը անիմացիայի և պատկերապատման սիրահար է: Վստահ եմ` կլինի ավելի շատ համագործակցություն»:

 Ջոնաթան Լաքոտն իր ուրախությունը հայտնեց փառատոնին ներկա գտնվելու համար: «Մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հանդեպ, որովհետև Ֆրանսիան ու Հայաստանն ունեն բարի ավանդույթներ այս ոլորտում: Նմանատիպ մասնակցությունը երկու երկրների միջև համագործակցության հնարավոր միջոց է»:

 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
 Բացասական տարածություն/ Ֆրանսիա
 Ռեժիսոր՝ Մաքս Պորտեր, Ռու Կուվահաթա
 Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ` Հատուկ հիշատակում
 Մանիվալդ/ Կանադա, Խորվաթիա, Էստոնիա
 Ռեժիսոր՝ Չինտիս Լունդգրեն
 Կարճամետրաժ ֆիլմերի Ժյուրիի հատուկ մրցանակ
 Գլուխն անհետանում է/ Ֆրանսիա
 Ռեժիսոր՝ Ֆրանկ Դիոն

 Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի լավագույն կոնցեպտ` Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակին արժանացավ «Վան Գոգի կրքերը» ֆիլմը։ Այն առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որը նկարվել է յուղաներկով կտավի վրա: Ֆիլմի 65000 կադրերից յուրաքանչյուրը ձեռքով նկարել են 115 գեղանկարիչներ ամբողջ Եվրոպայից:

 Լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում մրցանակ ստացավ ֆրանսիական «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ» անիմացիան: Ֆիլմի ռեժիսորներ Բենժամին Ռենեն ու Պատրիկ Էմբերը ստեղծել են հետաքրքիր պատմություն գյուղական ավանի մասին՝ ծիծաղաշարժ երկխոսություններվ ու արարքներով: Այստեղ շփոթված կենդանիներ են՝ աղվեսը կարծում է, թե հավ է, նապաստակն արագիլ է ձևանում, իսկ բադն ուզում է Ձմեռ պապի տեղը գրավել: Այս լիամետրաժ անիմացիայով էլ փակվեց « ՌեԱնիմանիա» 9-րդ փառատոնը:

 Փառատոնի «Կրթաթոշակ» ծրագիրը հնարավորություն է տալիս անիմացիայի ոլորտում խորացնել գիտելիքները: Երրորդ տարին է, ինչ Ֆրանսիական դեսպանությունն իրականացնում է երկու լավագույն արվեստագետների կրթաթոշակների ֆինանսավորումը, որոնք հնարավորություն կունենան երկամսյա վերապատրաստում անցնել Ֆրանսիայում: Միջոցառման ժամանակ հայտարարվեցին «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի շահողների անունները՝ Շուշան Բարսեղյան և Ելենա Ներսեսյան։ Փառատոնի հիմնադիր տնօրենն էլ նշեց, որ նրանց արմատներն այստեղ են, ու գիտելիքներով զինված՝ պետք է վերադառնան իրենց երկիրն ու այստեղ կիրառեն իրենց սովորածը:


Մերի Հովհաննիսյան
  • Created on .
  • Hits: 2452

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: