ԿԱՄՐՋԵԼՈՎ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ ՈՒ ԿՈՄԻՏԱՍԻՆ

 Նոյեմբերի 29-ին «Հայ Գիրք» գրախանութում էին հավաքվել գրքասերները, երաժշտասերներն ու այն մարդիկ, ովքեր սիրում են այս երկուսը համատեղել: Երգն ու բանաստեղծությունը միաձուլված ներկայացնելու պարտականությունը բաժին էր հասել կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունուն և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանին:

 Երկու անհատականություններ` Մեսրոպ Մաշտոց ու Կոմիտաս, ներկայացան ուրիշ հարթության մեջ: Երգիչ Վահան Արծրունին իր ուրախությունը հայտնեց միջոցառման կազմակերպման համար: Նրա կարծիքով՝ գրախանութում հավաքներ կազմակերպելը առիթ է տալիս առանձնացնելու երաժտական, գրական խնդիրները, որոնք այսօր լուսաբանվելու, հանրությանը ներկայացվելու կարիքն ունեն: «Մեսրոպ Մաշտոցի և Կոմիտասի մասին մենք ունենք կարծրատիպեր, այսինքն՝ մենք Մաշտոցին ընկալում ենք միայն որպես տառեր ստեղծող, իսկ Կոմիտասին՝ երաժշտագետ: Երբ ես տասը- քսան տարի առաջ խոսում էի, որ երգ եմ գրում Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, մարդիկ զարմանում էին՝ ասելով՝ Կոմիտասն ինչ կապ ունի բանաստեղծության հետ»:

 Ինչպես շատերը զարմանում են Կոմիտասի՝ բանաստեղծություններ գրելու փաստի վրա, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցին ընկալում են միայն տառաստեղծ: Հենրիկ Բախչինյանը հեղինակել է գիրք, որտեղ ընդգրկված են Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի օրհներգերը: «Քչերը գիտեն, որ Մաշտոցը մեր առաջին բանաստեղծն է: Նրանք Սահակ Պարթևի հետ ստեղծել են ութ ազգային ձայնեղանակները և դրանց հիման վրա՝ օրհներգության ժանրը»:

 Հայտնի են շուրջ հարյուր հիսուն բանաստեղծություններ, որ վերագրված են Մեսրոպ Մաշտոցին: Նրան են պատկանում Մեծ պահքի մասին ապաշխարական երգերը: Շարականները բաժանվում են ութ այլ տեսակների: «Մեսրոպ Մաշտոցը զարգացրեց ազգային համաքրիստոնեական երգ-բանաստեղծությունը: Նրա շարականները խորը հուզական ու քնարական երանգ ունեն»,- ավելացրեց գրականագետը:

 Իր խոսքում կոմպոզիտորն ընդգծեց, որ Կոմիտասն իր առաքելությունը տեսնում էր հայ արվեստի զարգացման, մշակման և տարածման մեջ: Շատ քիչ գործեր են նրա գրչին պատկանում: «Կոմիտասի երաժշտությունը մեզ համար արդեն արտասովոր չէ, մենք սովորել ենք, բայց իր ժամանակում մեծ խնդիր էր ձայնը երեք մասի բաժանելը, քանի որ Աստված մեկն էր: Դրսում իմպրեսիոնիստ էր, իր երկրի ներսում՝ սրբապիղծ: Շատ հետո ժամանակը գնահատեց նրա աշխատանքը: Կոմիտասն իր ձևի մեջ յուրահատուկ է: Նա զգում էր բառերի շարժը, մի քանի տողում ամփոփում էր հստակ գաղափարը, ստեղծում էր պատկերը՝ տալով դրան գույն ու ընթացք: Տարիներ անց հասկանում եմ, որ ընդամենը պետք էր որսալ ձայնը, ընթացքը, գտնել երաժշտությունը»:

 Մեսրոպ Մաշտոցի շարականների ընթերցումն ու Վահան Արծրունու երաժշտական համարը միջոցառման ընթացքին նոր ռիթմ տվեցին:

Մերի Հովհաննիսյան
  • Created on .
  • Hits: 3508

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: