ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ «ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՎԱԼՍ»-Ը ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՒՄ

 «Հայրիկիս պապը Գյումրիից է, հայրիկս այստեղ է ապրել: Պապիկս՝ Կոնստանտինը, ով շատ լավ դաշնակահար էր, Ավետիք Իսահակյանի՝ իր մոտ ընկերոջ հետ ապրել են Ֆրանսիայում: Իսահակյանի խնդրանքով եկել է Գյումրի ու ամուսնացել Հայաստան անունով աղջկա հետ: Պապիկս երազանք է ունեցել՝ Ալեքսանդրապոլում դաշնամուրի գործարան բացել, ավելի ուշ Երևանում է բացվում նման գործարան»,- հենց այս հանգամանքով է նաև պայմանավորում իր մեծ սերը Գյումրիի նկատմամբ հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը:

 Նրա համար մեծ է եղել ցանկությունը համերգով ներկայանալ գյումրեցի հանդիսատեսին: Ի վերջո բարեգործական համերգ է կազմակերպել «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հետ համատեղ: Համերգի ողջ հասույթը տրամադրվեց կազմակերպության երկու ծրագրերին՝ «Տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան»:

 Մոտ 15 տարի «Հայկական Կարիտաս»-n այս ծրագրերով Հայաստանի մարզերում օգնել է երեխաներին և տարեցներին: Բայց հիմա այս ծրագրերն ունեն ֆոնդերի հայթայթման խնդիր՝ տեղի բարերարների աջակցության կարիք: Ծրագրի տեղական ներդրումն ապահովելու պահանջը պարտադրում է օտարերկրացի բարերարը: Հասույթը կուղղորդվի Հայաստանի 5 քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Գավառ, Արտաշատ) իրականացվող ծրագրերին: «Երբ օգնելու խնդրով դիմեցինք պարոն Քյոսայանին, ստացանք դրական արձագանք»,- նշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

 Համերգի հատուկ հյուրերն էին Ալլա Սահակյանը, Նելլի Մանուկյանը, Սոնա Ումրոյանը: Հնչեցին ինչպես քյոսայանական ջազային մեղեդիները, այնպես էլ համաշխարհային հիթեր՝ Լ. Արմսթրոնգ, Ռ. Չարլզ, Ա. Ջոնս և այլն: «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ իմ պապերի քաղաքում: Սրտանց եմ գալիս Գյումրի և սրտանց եմ կատարում լավագույն ստեղծագործություններս։ Գյումրին ինձ համար միշտ եղել է և կա արվեստի կենտրոն»,- նշեց Գարի Քյոսայանը:

 Որպես նվիրում քաղաքին՝ Գարի Քյոսայանն անակնկալ ուներ գյումրեցիներին: Երգահան, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար Գարի Քյոսայանն առաջին անգամ կատարեց իր հեղինակած «Ալեքսանդրապոլի վալս»-ը։

 Երաժիշտը խոսեց նաև իր առաջիկա ծրագրերի մասին: Չորս նոր սկավառակ է նախատեսում լույս ընծայել: Ինչպես նաև համերգներ, որոնցից մեկը լինելու է ապրիլին՝ նվիրված իր հորը՝ կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին։

 Ջազ բենդը հյուրախաղերով հանդես կգա նաև արտերկրում:


Անահիտ Հարությունյան

0 0 0քյոսայան0009

24129930 10156380582382080 4686232001011834048 n

24232616 10155924525494710 6609056335938321581 n
  • Created on .
  • Hits: 2985

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: