ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆՈՐ ԳՐՔՈՒՄ

 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունն այսօր արդեն ամբողջացել է մեկ գրքում: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն իր հեղինակած գրքում մանրամասն ներկայացրել է թատրոնի հիմնադրման նախապատմությունը, հիմնադիրների և արտիստների կենսագրությունները: Գիրքն առանձնանում է նաև թատրոնի հարուստ պատմությունը ներկայացնող բացառիկ լուսանկարներով:

 «Ես անկեղծորեն ուրախ եմ և երջանիկ, որ ունենք նման հրաշալի գիրք` գրված այս հանճարեղ մարդու կողմից: Սերգեյ Առաքելյանը քայլող հանրագիտարան է, ինֆորմացիայի շտեմարան, և շնորհակալություն նրան այդ մեծ աշխատանքի ու նվիրվածության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ծրագրի հովանավորին՝ «Beeline Armenia» ընկերությանը, որ աջակցեց ոչ կոմերցիոն, բայց պատմական առումով անչափ կարևոր այս նախագծին: Շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր օգնել են»,- իր խոսքում նշեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

 ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, ընդգծեց` այս գիրքը ոչ միայն պատմություն է, այլև հրաշալի առիթ`այդ պատմության շարունակականությունն ապահովելու համար։ «Ես վստահ եմ, որ տարիներ անց պարոն Առաքելյանի ձեռամբ կգրվի գրքի հաջորդ հատորյակը, և մենք առիթ կունենանք խոսելու վերջին տասնամյակների նոր ձեռքբերումների ու ժամանակակից թատրոնի վերածննդի մասին: Ուզում եմ, որ այս գիրքը լինի մեր բոլորի սեղաններին, և մենք առիթ ունենանք այն հրատարակելու նաև օտար լեզուներով»,- ասաց նախարարը:

 Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն էլ իր հերթին կատակեց` ասելով, որ Սերգեյ Առաքելյանը շատ զարմանալի ու տարօրինակ մարդ է, և պետք է զգույշ լինել նրա հետ. բոլորի մասին ինչ ասես՝ ունի գրած փաստերով. «Այնպես որ, ինչ կասի, հետը համաձայնեք, որ ավելորդ պատմություններ չլինեն: Հավատացեք, որ այս գրքի չափ նյութ էլ դեռ դուրս է մնացել աշխատությունից»: «Ավելին»,- նրան ուղղեց պարոն Առաքելյանը:

 Երվանդ Ղազանչյանն ասաց նաև, որ Սերգեյ Առաքելյանի մոտ գտնվում են Սայաթ-Նովային վերաբերող 2500 նմուշ փաստեր: Նրա մոտ են Հովհաննես Թումանյանի ու Շիրվանզադեի ձեռագրերից՝ նվիրված Սայաթ-Նովային ու նրա արվեստին. «Ես շատ եմ ուզում` մենք այնքան հասունանանք, որ եկող տարի չպլանավորենք մի նոր սուպերմարկետ կամ երկու հատ դեղատուն բացել, մերսման սրահ և այլն: Փոխարենը մի շենք ստեղծենք, որ այս բոլոր փաստերն ու նմուշները կարողանանք պահել- պահպանել»,- նշեց նա:

 Հենց այս առիթով Արմեն Ամիրյանը շտապեց տեղեկացնել, որ 2018 թվականին նախատեսվում է Սայաթ-Նովայի թանգարանի բացումը, և նախարարությունն արդեն բանավոր պայմանավորվածություն ունի Սերգեյ Առաքելյանի հետ:

 Գրքի հեղինակը խոստովանեց` այժմ ինքն ավելի պարտավորված է, և նշանակում է` պիտի անի ավելին, քան մինչ օրս կարողացել է անել. «Իր գոյության 85 տարիների ճանապարհին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը շատ արվեստագետների է տեսել, ովքեր իրենց հետքն են թողել թատրոնի պատմության ու արվեստի մեջ: Նշանաբան ունենալով «ոչինչ չավելացնելու և ոչինչ չպակասեցնելու» սկզբունքը՝ ջանացել ենք արձանագրված փաստերի հիման վրա և ականատեսի վկայությամբ հնարավորինս ճշգրտորեն ներկայացնել թատրոնի հարուստ պատմությունը, խստագույնս լինել անաչառ»,- ասաց Սերգեյ Առաքելյանն ու հավելեց` աշխատել են միայն փաստերի, անձնական արխիվների և մամուլում հրապարակված նյութերի հիման վրա:

 Նա նշեց՝ երբ լրագրողներն արդեն ծանոթ կլինեն գրքին, այդ ժամանակ էլ սիրով կքննարկի գրքում տեղ գտած բազմաթիվ նյութերն ու արվեստագետների ստեղծագործական դիմանկարները:

Աստղիկ Իսկանդարյան

DSCN5710

DSCN5697

DSCN5688

DSCN5681

DSCN5699

DSCN5690

DSCN5686

DSCN5702

0 0 00օպերա0008989
  • Created on .
  • Hits: 3388

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: