Հայաստանի թանգարանների կյանքը COVID19-ի օրերին

Ինչպե՞ս կազմակերպեցին թանգարաններն իրենց աշխատանքը COVID19-ի օրերին , ինչպե՞ս տեղափոխվեցին թվային հարթակներ, ի՞նչ դժվարություններ ու հնարավորություններ ունեցան։ Իրավիճակին դիմակայելու մասին առցանց քննարկում-վեբինար  էին  կազմակերպել ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամները։

 

 Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ը նշում է Թանգարանի միջազգային օրը։  Այս տարի թանգարաններն առաջին անգամ չեն բացել իրենց դռները տարվա ամենամասշտաբային թանգարանային միջոցառմանը։ COVID19-ի ազդեցությունը մշակույթի ամենատարբեր բնագավառների վրա շոշափելի է։ Այն  սոցիալական է, տնտեսական և քաղաքական։ Փաստացի այն անդրադարձել է մշակույթի հասանելիության հիմնարար իրավունքի, ստեղծագործ համայնքների ստեղծագործելու իրավունքի ազատության և իրենց լսարանների հետ հաղորդակցվելու վրա։

Վեբինարի ընթացքում թանգարանների ստեղծած բովանդակության մասին զրուցել են Հայաստանի մեծ ու փոքր թանգարանների ներկայացուցիչները: 

«Թեև թանգարաններն առայժմ փակ են, թանգարանային կյանքի կազմակերպումն առաջնահերթություն է»,- նշեց Մաշտոցի անվան թանգարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: «Եթե անգամ թանգարանները բացվեն մեկ տարուց, մեր աշխատանքը պետք է կենտրոնացնենք այլ բաների շուրջ, օրինակ, թանգարանային նյութի տեղափոխումը  թվային նոր հարթակներ», - կարծում է Մատենադարանի տնօրենը: 

Քաղաքապետարանների ենթակայության տակ գործող թանգարանների ինքնակազմակերպմանն անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Գևորգ Օրբելյանը:  Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ զբոսաշրջության ոլորտը տուժեց ամբողջ աշխարհում: Իրավիճակը դրդեց մտածել  նոր ռազմավարության և մարքեթինգային քայլերի մասին: Ըստ Գևորգ Օրբելյանի, ակտիվացվել են շփումները և փորձի փոխանակման ծրագրերը Երևանի քույր քաղաքների հետ: Քննարկվել է Չինաստանի քաղաքներում կիրառված զբոսաշրջային ռազմավարությունները: Կան այլ նախագծեր ներքին զբոսաշրջության զարգացման մասով: 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը մտահոգություն հայտնեց վիրտուալ շրջայցերի համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: 

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ի պատասխան հայտնեց, որ կառավարության նիստում  քննարկվելու են  թանգարանների արտաբյուջետային ծախսերի վերադարձման հարցը:  

Արտակարգ իրավիճակի օրերին փակ Խ Աբովյանի տուն-թանգարանը կորցրել է  ամբողջ տարվա տոմսերի սպառման 40 տոկոսը, քանի որ փակվել էին  դպրոցները, իսկ  մարտից հունիս ամիսներին հենց կրթական միջոցառումների ակտիվ շրջանն է:  Թանգարանի տնօրեն  Սյուզաննա Խոջամիրյանը, խոսելով թվային հարթակի հնարավորությունների, խնդիրների, հեռանկարների շուրջ, առաջ քաշեց թանգարաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների բացակայության խնդիրը: Նման հաստիք թանգարաններում չկա: Չնայած դրան, Խ.Աբովյանի թանգարանում, օգտվելով ընդարձակ այգու առկայությունից, զբոսաշրջային ընկերության հետ մեկնարկել են «Զբոսանք հին Քանաքեռում» ծրագիրը: Շուտով թանգարանի այգում իրագործվելու է նաև բացօթյա գրադարանի նախագիծը: 

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով,  թվային գործիքների կիրառմամբ նոր լսարան են ներգրավվել: Այցելուներ կորցնելու վտանգը նոր մարտահրավեր էր՝ աշխատանքի նոր մեթոդներ և ձևեր գտնելու համար: Երեք տիպի ծրագիր է ձեռնարկվել  տարբեր տարիքային խմբերի համար: Արդյունքում, ստեղծվել է նոր լսարան և հետևորդների խումբ,  որ մինչ այդ չի իմացել թանգարանի մասին:

Թանգարանագետ Դավիթ Պողոսյանի կարծիքով, ցանցակայքերի ռեսուրսները այնքան էլ օգտագործելի չէին, երբ թանգարանը թվային տիրույթում ավելի պասիվ կամ գովազդային բնույթի նյութերով էին աշխատում: Նոր տիպի թանգարանային գործունեությունը զարգացրեց  նոր կարողություններ և  թանգարանային հարթակների ներկայացրած նյութերի նոր բովանդակություն: Արդյունքում, թանգարանները ոչ միայն չփակվեցին ամբողջովին, այլև կարողացան պահպանել կապը լսարանի հետ: Ստեղծված իրավիճակը հետաքրքիր փորձություն էր՝ հասկանալու, գնահատելու իրենց թվային ռեսդուրսները:  Այժմ թանգարանը  դուրս է գալիս իր պատերից, ինչը կարևոր է: Թեպետ թվային տարածքները  չեն կարող փոխարինել թանգարաններին, պետք է այցելուներին պատրաստել նոր պայմաններում   նոր հաղորդակցությանը և  հարաբերություններին: Թանգարանագետը խորհուրդ տվեց կիրառել իրականության հետ համադրվող նոր տեխնոլոգիաներ, քանի որ թանգարանները վաղ թե ուշ պետք է գնան տեխնոլոհգիա-իրականություն սիմբիոզին: Դրա շնորհիվ, համաճարակից հետո կունենանք նոր հաղորդակցություն և հարաբերույթուն իրականության հետ:

Հայաստանում գործող սահմանափակումների պայմաններում թանգարանները վիրտուալ հարթակում մշակել են բազմաթիվ ճանաչողական, կրթական, ինտերակտիվ  ծրագրեր, որոնք հետաքրքրել են հասարակության լայն շրջանակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ նոր աշխատելաոճը թանգարանների տնօրեններին և աշխատակիցներին հնարավորություն տվեց օգտագործելու երևակայությունն ու ստեղծագործականությունը: Նրա խոսքով՝ առցանց տիրույթում թանգարանների գործունեությունը դարձել է թափանցիկ, երևում է, թե որ թանգարանն ինչ ներուժ ունի, ինչ կարողություններ ոչ միան տեխնիկական առումով:

Թանգարանային կառույցների մրցունակության և կենսունակության մասին խոսելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձավ նաև տարբեր կոլեկտիվների աշխատանքներին: Եթե հնարավոր չէ համերգներ կազմակերպել, կարելի է վերականգնել փորձերը, ինչն էլ կազմակերպել են թատրոնները,  նվագախմբերը և երգչախմբերը:  Ըստ Արա Խզմալյանի, իրավիճակ ինքնակատարելագործման, մասնագիտական կարողությունների  առիթ է: Ամենաբարդը, իհարկե,  խնդրի տնտեսական և մասնագիտական բաղադրիչներն են, որտեղ, ինչպես բոլոր ճգնաժամային իրավիճակներում, պետք է իրականացնել մտավոր, նյութական, տեխնիկական ռեսուրների կենտրոնացում:

«Մենք պետք է հասկանանք, որ  հանդիսատեսը, այցելուն մինչև կորոնավիրուսն այլ էր, հիմա՝ այլ:  Որպես ոլորտի պատասխանատուներ՝ պետք է պատրաստ լինել բավարարելու մարդկաց նոր պահանջները», - ամփոփեց փոխնախարարը: 

Հանդիպման մոդերատոր, ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Անի Ավագյան նշեց, որ ԻԿՈՄ-ը կոնկրետ առաջարկներ է արել՝ հաշվի առնելով եվրոպական թանգարանների փորձը: Նախատեսված են վերապատրաստումներ թանգարանային աշխատակիցների համար: 

 


Հերմինե Հակոբյան









  • Hits: 275