• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Մարմին, տեղ, ինքնություն, երևակայություն և վերացականություն. «Տարագիրներ և երազողներ» ցուցահանդեսի ամփոփում

Մարմին, տեղ, ինքնություն, երևակայություն և վերացականություն. «Տարագիրներ և երազողներ» ցուցահանդեսի ամփոփում

 

 

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում 2019 թվականի նոյեմբերի 29-ից մինչ 2020 թվականի մարտի 1-ը գործեց «Տարագիրներ և երազողներ» ցուցադրությունը: Մասնավոր հավաքածուից  ընտրված 44 սփյուռքահայ արվեստագետի շուրջ 60 աշխատանք ներկայացվեց: Գաֆեսճյան արվեստի Կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի թվով չորրորդ ցուցահանդեսն է: 2020 թվականի ամռանը լույս տեսավ ցուցադրության պատկերագիրքը: 

Ցուցադրության հիմքում ընտրանի է արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուից, որում  գրաֆիկական աշխատանքները գերակշռում են: «Հավաքածուն ունի իր տրամաբանությունը, ժամանակի ընթացքում ինքն է թելադրում թե ինչպես պիտի զարգացնես: Իմ հավաքածուի մեջ միայն գրաֆիկական գործեր չեն, կային կտավներ, նույնիսկ քանդակագործության, խեցեգործության նմուշներ, սակայն ցուցահանդեսի համատեքստում որոշեցինք կենտրոնանալ այս ասպարեզի վրա»: 

Ուրվագծվում է անցյալ հարյուրամյակի գրաֆիկական արվեստի զարգացումը տարբեր մայրցամաքներում և երկրներում ապրած սփյուռքահայ արվետսագետների տեսանկյունից: Տարագիր և երազող սփյուռքահայ նկարիչներն իրենց ներդրումն ունեն համաշխարհային արվեստում:  Նրանք միջազգային արվեստի ներկայացուցիչներ են հանդիսացել: Հայազգի Շահինը և Փոլատը կարևոր դերակատարում ունեն ֆրանսիական արվեստում: Աշխարհահռչակ Էդգար Շահինի անունը բոլորը գիտեն մեզանում, սակայն , օրինակ,  անհայտ է Լոս Անջելոսում  ծնված Գարու Անդրեասյանը: Նրա` 1960 ականներին Կալիֆոռնիայում բացած արվեստանոցը դառնում է  ամերիկյան տպագրական գրաֆիկայի ամենակարևոր  կենտրոնը, այդ արվեստամիջոցի վերածնունդի կարևոր օջախը: Այստեղ ստեղծագործում և տպագրվում են ամերիկացի և եվրոպացի բազմաթիվ արվեստագետներ:  

«Որպես արվեստաբան հետազոտում էի արդի արվեստի պատմութունը, և ինձ համար շատ շուտ ակնհայտ դարձավ, որ մեր սփյուռքահայ նկարիչները հատկապես մեծ ներդրում են ունեցել հենց գրաֆիկական արվեստի ոլորտում», - նշում է Վիգեն Գալստյանը: 

Ցուցադրությունը սփյուռքահայ գրաֆիկական արվեստի և ծագումով հայ, մինչ օրս անգամ մասնագետների համար անհայտ  արվեստագետների անցած մեկդարյա ուղին է լուսաբանում: Ցուցադրությունը բաժանված է հինգ թեմատիկ մասի` մարմին, տեղ, ինքնություն, երևակայություն և վերացականություն: Լիտոգրաֆիայից մինչև օֆորտ ընդգրկուն լայն տեխնիկաներով արված աշխատանքներն առաջին անգամ երևան են հանում նաև հայկականություն պարունակող մշակույթի պատմությունը: Խոշոր ընդհանրական թեմաներից բացի նաև նմանություններ կան, օրինակ, համայնքային կապերի շնորհիվ: 1930-ականներին Փարիզում հայ արվեստագետները միավորվել էին  «Անի» միության շուրջ: Հետո՝ 60-ականներին, ստեղծվել է «Ռոսլին» ընկերությունը, սկսեցին աշխատել միասին: 

«Արվեստագետներ էին, որոնք ունեին միասնական գաղափարներ, կապեր, ցանց էր սփյուռքահայ արվեստագետների, բայց միևնույն ժամանակ ցանկացել ենք շեշտել տարբերությունները: Ինչն է նրանց կապում, ինչով են նրանք հայկական»:

Ազդեցությունների և փոխազդեցությունների հետաքրքիր ու կարևոր հարցը նույնպես քիչ է ուսումնասիրված: Նախքան Սովետական Հայաստանի հաստատումը 1921-թվականին սփյուռքահայ արվեստագետները շատ մեծ դեր են ունեցել սփյուռքում հայ արվեստ երևույթը հաստատելու և ձևավորելու գործում: Նույն նկարիչները հետագայում ակտիվ մասնակցություն են ունեցել Խորհրդային Հայաստանի արվեստային կյանքին: Օրինակ,  Շահինը, Գառզուն, Ժանսեմը:  

«Շահինը նվիրում է իր աշխատանքներից ազգային պատկերասրահին: Այդ աշխատանքները ցուցադրվելով այստեղ ներազդում են տեղացի գրաֆիկների աշխատանքի վրա: 1946ին Ռումինիայից Հայաստան ներգաղթեց Բարթուղ Վարդանյանը: Այստեղ կա ռումինական շրջանից մի գործ, այսինքն փոխազդեցությունները հայ արվեստի կոնտեքստում շատ էին», - ասում է Վիգեն Գալստյանը:

1900-ականներից մինչ 1990-ականները ընդգրկող մասնավոր հավաքածուի հանրայնացումը նաև  ընդգրկուն ուղերձ և առաքելություն ունի: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նշում է, որ անկյունաքարային այս  ցուցահանդեսը արվեստաբանական համայնքի համար կարևոր նյութ է հետագա ուսումնասիրությունների համար: Այն գիտական փոփոխությունների շարժառիթ կդառնա, կպատասխանի՝ ինչ կարելի է ուսումնասիրել, որ ուղղությամբ խորանալ հարցերին, կբացահայտի սփյուռքի, այդ թվում՝ չուսումնասիրված կին արվեստագետներին: Բացահայտվում է  մի այնպիսի դիսկուրս, որ տասնամյակներ կամ չի ուսումնասիրվել, կամ դուրս է մնացել, քանի որ որոշակի կարծրատիպեր են մնացել ընդհանրապես սփյուռքյան մշակույթի մասին: 

«Այս ընտրանու միջոցով փորձում ենք նաև որոշակի առումով շեղում մտցնել այն պարադիգմի, գաղափարների մեջ, որ կան թե սփյուռքահայ մշակույթի վերաբերյալ, թե ընդհանրապես սփյուռքի վերաբերյալ: Դա մի կարմիր թել է, որ միավորում  է ողջ սփյուռքահայ արվեստը կապած ցեղասպանության, տարագրության ցավի, վշտի հետ: Գաֆեսճյան արվեստի կենտրոնը որպես ինստիտուցիա հիմնադրվել է  մասնավոր կոլեկցիոների կողմից, ուստի մեզ համար շատ կարևոր է եղել հենց թաքնված գանձերը բացահայտել», - նշում է մյուս համադրող Եսայանցը: 

Այժմ լույս է տեսել տպագրական գրաֆիկայի հազվադեպ, իր տեսակի մեջ եզակի ցուցադրության պատկերագիրքը: Այն հնարավոր է ձեռք բերել Գաֆեսճյան կենտրոնի գրախանութից: 

 

Հերմինե Հակոբյան

  • Created on .
  • Hits: 1942

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: