Այսօր ամփոփվում է սարոյանական շաբաթը

 

 Օգոստոսի 24-31-ը «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում իրականացնում է «սարոյանական շաբաթ» (#Saroyanweek) նախաձեռնությունը՝ նվիրված գրողի 112-ամյակին։

Այսօր՝ գրողի ծննդյան օրը, «սարոյանական շաբաթը» կամփոփվի «Զանգակ» գրատանը: Ժամը 10:00-22:00 տեղի կունենա Սարոյանի գրաֆիկական աշխատանքների վերատպությունների բաց ցուցադրությունը:Սարոյան

Տեղեկացնենք, որ 2016 թվականին հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա) գտնվող տունը և այդ պահից ազդարարվել է «Սարոյան հաուս» նախագիծը: Երկու տարի անց՝ օգոտսոսի 31-ին, այն վերաբացվել է որպես տուն-թանգարան: Ամերիկահայ գրողին լիարժեք ներկայացնելու համար նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել Վիլյամ Սարոյանի հետ առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկ աշխատանքներ, ֆիլմեր ու ձայնագրություններ: Նախագծի շնորհիվ Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր:

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամից հայտնում են, որ այսօր «Զանգակ» գրատան այցելուները, նորագույն տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, հնարավորություն կունենան ծանոթանալ Սարոյանի ավատարին թանգարանի (AR-augmented reality) ստիկերների միջոցով, այցելել գրողի վիրտուալ թանգարան (VR-virtual reality)`օգտվելով վիրտուալ իրականության շրջայցի հնարավորությունից և վերցնել իրենց հետ սարոյանական ստիկերների փաթեթ կամ էջանիշ՝ որպես ոգեշնչում և տոնական օրվա խորհրդանիշ:

Cultural.am-ը հետաքրքրվեց՝ Սարոյանի տուն-թանգարանի՝ ԱՄՆ-ում գտնվելու պարագայում, ինչպե՞ս է իրականացվելու ցուցադրությունը:

 «Վիրտուալ թանգարանը» ամբողջովին նույնը չէ, ինչ Ֆրեզնոյում ստեղծված ֆիզիկական թանգարանը: Մենք վերակազմել ենք Ֆրեզնոյի թանգարանի արտաքին տեսքը, իսկ ներսի համար մի քանի կոնտենտ է համատեղվել»-մանրամասնում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորա Գրիգորյանը:վիրտուալ թանգարան. Ֆրեզնո

Ներկայացված գրաֆիկական աշխատանքները Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի և «Forever Saroyan» ՍՊԸ-ի արխիվից են:

 «Չեմ չափազանցնի եթե ասեմ, որ դրանք սարոյանական շաբաթի մեխն են, քանի որ Սարոյանին քչերը գիտեն այս տեսանկյունից: Մինչդեռ նա հեղինակել է բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ, որոնք մի ամբողջ շաբաթ հասանելի են եղել «Զանգակ» գրատանը: Եվ, գուցե մի փոքր էլ երկար թողնենք, որովհետև տեսնել ցանկացողները շատ են: Մենք ևս ցանկանում ենք այս Սարոյանին նույնպես ճանաչելի դարձնել»:

Օրը կնշանավորվի նաև սարոյանական առցանց խանութի բացմամբ: Վերջինիս նպատակը սարոյանական ոճն ու ոգին հուշանվերների, կիրառելի իրերի միջոցով տարածելն է։ Այստեղ տեղ է գտել Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի կողմից ստեղծված հավաքածուն՝ ամբողջությամբ հիմնված հեղինակի ստեղծագործությունների, նկարների, արվեստի վրա:  

«Հուշանվերները ընտրված չեն պատահականության սկզբունքով, դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի»-ասում է Նորա Գրիգորյանը:

Երեկոյան ժամը 22։00-ին, հիմնադրամի ֆեյսբուքյան հարթակում, հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվի նաև «Լույսեր, տեսախցիկ, Սարոյան» վավերագրական ֆիլմը՝ նվիրված գրողի կյանքին, ստեղծագործությանը, տուն-թանգարանի ստեղծման պատմությանը։

 

Մարջան Չոբանյան

  • Hits: 386