Արցախցիների հայաստանյան ժամանակը՝ կրթությամբ ու մշակույթով  

       

 

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված ընտանիքների ու նրանց երեխաների համար իրականացնում է «Հայաստանյան ժամանակը՝ կրթությամբ ու մշակույթով» նախագիծը:

 Այն մենարկել է հոկտեմբերի 10-ին և իրականացվում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպության հետ համատեղ:  

Նախագիծն ուղղված է երեխաներին ու մանկապատանեկան տարիքում գտնվողներին պատերազմից շեղելուն՝ ուշադրությունը կենտրոնացնելով կրթության ու մշակույթի ուղղությամբ: Այդ նպատակով կազմակերպվում են մանկապատանեկան ֆիլմերի, անիմացիոն կինոնկարների ցուցադրություններ, քննարկումներ, վարպետաց կարճ դասեր, հանդիպումներ արվեստի ոլորտի գործիչների հետ, որի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում լսելու կինոստեղծողներին և բացահայտելու կինոաշխարհը:  

Հերթական ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում: Մեծ էկրան բարձրացավ երիտասարդ կինոռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» հայկական արտադրության ֆիլմը, որ պատմում է աշխույժ աղջնակի, մանկության երազանքների, պապենական տան և բարերի օրերի մասին:

Կինոցուցադրությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան հանդիպելու ֆիլմի ռեժիսորի ու դերակատարների հետ:

«Դերասաններն ու ռեժիսորները լինում են տվյալ օրվա ցուցադրվող ֆիլմի ստեղծագործական կազմից, հրավիրվում են նաև մուլտֆիլմերի ստեղծողները, կոմպոզիտորները»-հայտնում է նախագծի համակարգող Փայլանուշ Գևորգյանը: «Հետաքրքրությունը շատ մեծ է. ոչ միայն Երևանում, այլև մարզերում հանգրվանած արցախցի մեր հայրենակիցները սիրով գալիս մասնակցում են կինոցուցադրություններին»-նշում է նա՝ անդրադառնալով պատերազմական օրերին արվեստի հանդեպ վերջիններիս հետաքրքրվածությանը:

Քանի դեռ ռազմական իրավիճակը չի հանդարտվել և նրանք գտնվում են Հայաստանում՝ նախագիծը շարունակական է լինելու:

 

Մարջան  Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1606

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: