Բողոքը` արվեստի միջոցով. «Արյունոտ լվացք»` Տորոնտոյում

 

 

Արյունոտ հագուստ, արյունոտ կոշիկներ՝ լվացքի փոխարեն. Տորոնտոյում նկարիչ Մարիամ Մուղդուսյանի նախաձեռնած արտ-ինստալիացիան կենդանություն ստացավ «արյունոտ լվացքի» տեսքով:

Լվացքն իբրև արտահայտչամիջոց ընտրելը պատահական չէր: «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը մեզ հետ զրույցում, խոսեց  վերջինիս խորհրդանշական լինելու մասին: Լվացք փռելն էլ հանդիսավոր արարողություն է հայերի համար:

122432284 10218993320407337 7257003868673242980 n

«Տներում, որտեղ երկար ժամանակ լվացք փռված չի լինում, նշանակում է, որ չկա բնակիչ: Լվացքը, որ երկար ժամանակ չի հավաքվում, նշանակում է, որ ինչ-որ բան է պատահել: Արյունոտ լվացքի տեսքով փորձել ենք ցույց տալ պատերազմի աղետալի կողմը: Իմ կարծիքով, արյունոտ հագուստները շատ խորհրդանշական են` ներկայացնելու այն ինչ տեղի է ունենում Արցախում»:

Խոսելով նախաձեռնության նպատակի և պատերազմական իրավիճակներում արվեստի դերի մասին` արվեստագետը նշեց, որ հաճախ ավելի մեծ ուշադրության են արժանանում և հանրային հնչեղություն են ստանում արվեստի միջոցով վեր հանված խնդիրները:  

«Պատերազմական իրավիճակում արվեստի լեզվով խոսելը հաճախ կարող է  հանրային հնչեղության կամ հանրային տեսանելիության առումով շատ օգտակար լինել, բնականաբար, դա պետք է արվի քաղաքականությանը զուգահեռ:  Առանց դիվանագիտական ճանապարհների չես կարող խոսել արդյունքների մասին: Պետք է կիրառենք բոլոր գործիքները` աշխարհին ցույց տալու եղելությունը»:

Մտահաղացումը կյանքի կոչելու հարցում նկարչուհուն աջակցել է Օնտարիոյի «Հայկական միացիալ խորհուրդը»: Տարբեր երկրներից արվեստագետներ նույնպես միացել էին նախաձեռնությանը:

«Այստեղ մի խնդիր կա. արվեստագետներին լրջորեն հետապնդում են: Ադրբեջանցիները տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Թեև դրսի արվեստագետներն անձնապես մոտենում են և ասում, որ աջակցում են, բայց հանրային կերպով աջաակցելուց առաջ  շատ երկար և լուրջ մտածում են. մարդիկ չեն ուզում վտանգի  ենթարկել իրենց, իրենց ընտանիքների կյանքը, առողջությունը». շեշտեց Մարիամ Մուղդուսյանը:122446960 10218993324327435 614463365313577018 o

 

Արվեստագետի խոսքով նախաձեռնությունը լայն արձագանք գտավ: Մարդիկ հետաքրքվում էին` ինչ է տեղի ունեցել կամ ասում են` ինչ ազդեցիկ է:  Հատկապես մեծ էր հետարքրքրությունը սոցիալական հարթակներում:

«Մեծ լսարան ունեցող կայքերից մեկն էլ  է արձագանքել՝ այդպիսով դառնալով հարձակման թիրախ: Գիտեմ նաև, որ տարբեր երկրներից մեր հայրենակիցները ուզում են անել նույնը առաջիկայում»:

Այս օրերին արվեստագետի նկարչական առօրյան նույնպես փոխվել է: «Խոսել և ստեղծագործել պատերազմի մասին պատերազմից հետո` բոլորովին այլ բան է, և բոլորվին այլ բան է հենց այդ իրավիճակում գտնվելիս ստեղծագործել: Ստեղծագործության և ստեղծագործականության  միջև անգամ տրամաբանությունն է փոխվել: Սովորական նկարչական վիճակը, որ կար այլևս չկա. մտածում եմ այս տեսակ նախագծերի մասին և առաջիկայում անպայման էլի ինչ-որ  ինստալացիաներ կանեմ»: 

«Արյունոտ լվացք» նախաձեռնութունը ևս մեկ անգամ այլազգի հանրության ուշադրությունը կենտրոնացրեց Արցախում տեղի ունեցող դեպքերի վրա:

 

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 2093

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: