Հայ և օտարազգի երաժիշտներն՝ Արցախի համար (ամփոփ)

 


Սեպտեմբերի 27-ից ի վեր, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմով պայմանավորված, իրականացվում են տարատեսակ դրամահավաքներ, որոնց շուրջ համախմբվում են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մշակութային գործիչները:

Cultural.am-ը մեկտեղել է հայ և օտարազգի հանրաճանաչ երաժիշտներին, ովքեր իրենց նախաձեռնությամբ կամ կազմակերպությունների միջոցով միացել են համահայկական դրամահավաքին:

«ONEArmenia»-ի կողմից իրականացվող նախագծին արդեն իսկ միացել են հայ և օտարազգի աշխարհահռչակ մի շարք անհատ կատարողներ ու երաժշտական խմբեր, ովքեր հոկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 22:00-ին, հանդես կգան «Երաժիշտներն Արցախի համար․խաղաղության համերգ» առցանց դրամահավաք-համերգով, որի ընթացքում մինչև 3 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվությունները կկրկնապատկվեն «ONEArmenia»-ի կողմից և կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ժամերի տարբերությամբ այն տեղի կունենա նաև Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Բուենոս Այրեսում, Փարիզում, Բեյրութում,Մոսվայում, Տոկիոյում:

Համերգին հանդես կգան Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը (մինչ այս «Հայաստան» համահայկական հիմնադրամին էր փոխացնել 250 հազար դոլար), Սեբուն, Աննա Կովան, Տատյանա Սպիվակովան, Ալեքսանդր Ռոմանովսկին, Անդրես Մարին և մի շարք այլ երաժիշտներ:
«ONEArmenia»-ի կողմից այս պահի դրությամբ հավաքագրվել է 1 298 700 ԱՄՆ դոլար:

 

***
Պատերազմից տուժած արցախցի երեխաներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար մեկ այլ նախաձեռնություն է իրականացվում «Armenian Assembly» հասարակական կազմակերպության կողմից: «Արցախի երեխաների համար» դրամահավաքի շրջանակում հավաքված բոլոր միջոցները ծառայելու են այդ երեխաների հրատապ կարիքներին, սննդի, բնակարանի ապահովմանը, բժշկական և նյութատեխնիկական աջակցության տրամադրմանը: Այս նախձեռնությանը ևս միացել են հանրաճանաչ մի շարք երաժիշտներ:


Մարիամ Մերաբովա /ռուսաստանաբնակ հայազգի ջազային երգչուհի

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայի «Зарядье» համերգասրահում Մարիամ Մերաբովան «Miraif» խմբի հետ հանդես է եկել «All That Jazz» համերգային ծրագրով: Միանալով «Հայերի ասամբլեայի»՝ Արցախի երեխաներին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությանը՝ նա նվիրաբերել է համերգից ստացված իր հոնորարը:  «Հաղթանակը մերն է լինելու, քանի որ պատերազմի ուժը սիրո մեջ է, իսկ զավթչի թուլությունը՝ ատելության: Թող սիրով լինենք, որը մեզ ուժ կտա և հաղթանակ կբերի»-նշել է նա:

 

Իգոր Բուտման /ռուս ջազ սաքսոֆոնահար

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել Իգոր Բուտմանի և Մոսկվայի ջազ նվագախմբի համերգը: Համերգից ստացված հոնորարը սաքսոֆոնահարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին:
«Փոխադարձ հարգանքը գլխավորն է: Ես ուզում եմ, որ մեր երկրներում տաղանդավոր մարդիկ հնարավորություն ունենան շփվելու ջազի միջոցով: Մեզ համար սա ամենակարևոր, հասկանալի լեզուն է»-ասել է նա:

 

Սերգեյ Սմբատյան /Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը: Համերգի հոնորարը Սմբատյանը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին: «Այսօր այստեղ են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք բոլորը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ դադարեցնել բռնությունը»:

 

Աննա Ագլատովա / օպերային ռուս երգչուհի, «Մեծ թատրոնի» մեներգչուհի

Նոյեմբերի 14-ին Մոսկվայի երաժշտության տանը տեղի կունենա երգչուհու և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Ա. Ագլատովան ևս Արցախի երեխաներին է ծառայեցրել իր հոնորարը: Երգչուհին մեջբերել է Ֆրեդերիկ Շոպենի խոսքերը. «Հայերը քրիստոնեական քաղաքակրթության ամենահին ժողովուրդներից են, ինչպես նաև աշխարհի ամենախաղաղ, նախաձեռնող և խելամիտ ժողովուրդը»: Ա.Ագլատովան իր հեթին ավելացրել է. «ամենակենսուրախ, տաղանդավոր, աշխատասեր ու անկոտրումներից մեկը: Այս մեծ ժողովրդին, որի արյունը հոսում է նաև իմ երակներում, մաղթում եմ խաղաղ երկինք և հանգստություն: Թող վերջապես ավարտվեն դժբախտությունները: Հայ ժողովուրդն արժանի է երջանիկ լինելու»:

 

Թեոդոր Կուրենտզիս / ռուս դիրիժոր, դերասան, «MusicAeterna» նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Պ․Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել «MusicAeterna» երգչախմբի համերգը: Կուրենտզիսի և երգչախմբի համերգը պատահաբար համընկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ընթացքին և նա իր ողջ հոնորարը նույնպես փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին։

 

Վլադիմիր Սպիվակով / ռուս աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ

Վլադիմիր Սպիվակովն իր առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին: Դիմելով հայերին՝ նա հին առակից խոսքեր է մեջբերել, որում ժողովուրդն իմաստուն ղեկավարին հարցնում է -«ո՞վ ենք մենք», ինչին ի պատասխան հնչում է-«դուք աշխարհի լույսն եք, աստղերը, մաքրության տաճարը, ձեզանից յուրաքանչյուրում տիեզերքն է»: «Ես նույնն եմ մտածում հայ ազգի մասին»-նշել է Սպիվակովը:

 

Սերգեյ Խաչատրյան /աշխարահռչակ ջութակահար

Հոկտեմբերի 11-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում Սերգեյ Խաչատրյանը թատրոնի նվագախմբի հետ հանդես է եկել ելույթով, որից ստացված հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ «Այժմ Արցախը և Հայաստանը ենթարկվում են Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը: Թիրախը ոչ միայն բանակն է, այլև խաղաղ բնակիչները, գյուղերն ու քաղաքները: Մենք դատապարտում ենք այդ հանցագործությունները և մեր անսահման զորակցությունը հայտնում մեր բանակին և ժողովրդին»:

 

Եվգենի Կիսին /ռուս դաշնակահար

Երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը Արցախի մանուկների օգնության ֆոնդին։ «Սիրելի հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ և կորով, իսկ ամենակարևորը` միասնություն: Հոգ տարեք ձեր և միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1672

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: