«Նվիրում Արցախին». Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը  

 

 

Նոյեմբերի 1-ին մեկնարկում է «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի «Նվիրում Արցախին» հատուկ ծրագրով այն միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին:

Կինոփառատոնի մեկնարկը կտրվի ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով:

Ֆիլմը պատմում է կովկասյան չճանաչված մի փոքր հանրապետության օդանավակայանի հնարավոր վերագործարկման մասին, ինչին օժանդակելու համար միջազգային աուդիտոր Ալենը վտանգում է ամեն ինչ:

«Սա Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա  մասնակից եզակի ֆիլմն է, որ նվիրված է արցախյան թեմային:  Մինչև պատերազմն էինք նախատեսում փառատոնը դրանով մեկնարկել, ու հիմա այս ֆիլմի կարևորությունը, որպես մշակութային զենք, ավելի ակնառու է դառնում: Այս իմաստով ֆիլմի հադեպ հետաքրքրությունը սովորականից ավելի բարձր է»- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Ջիվան Ավետիսյանի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան, որը վերջերս հանվել էր Մոսկովյան միջազգային կինոփառատոնից:

Մինչև նոյեմբերի 30-ը ընթացող կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նոր ֆիլմերը:  

Նախագծի իրականացման առաջին շաբաթում  տեղի կունենան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա», Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա» ֆիլմերի պրեմիերաները, որոնց ցուցադրությունները տեղի  կունենան բացառապես տոմսերով։

Բացի այս կինոցուցադրությունները, որոնք տեղի կունենան Կինոյի տանը, համագործակցություն է լինելու նաև Հայաստանի, Արցախի և սփյուռքի արվեստագետների հետ, որոնց կողմից ստեղծված «Պատերազմ և խաղաղություն» թեմայով ազդագրերը հանվելու են ցուցահանդես-վաճառքի:

Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ծրագրում ներառված ֆիլմերը նախքան պատերազմն արդեն իսկ  ընտրվել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնախմբի կողմից, և պատերազմական իրավիճակն առանձնապես չի ազդել ֆիլմերի թեմատիկ ընտրության վրա, պարզապես ստեղծված իրավիճակում դրանք խմբավորվել են «Նվիրում Արցախին» խորագրի ներքո:  Եվ հաշվի առնելով համավարակը, պատերազմական իրավիճակն ու  կինոցուցադրությունների հանդեպ մարդկանց հետաքրքրության հնարավոր նվազման հանգամանքը, կինոփառատոնի ծրագիրը կազմվել է այնպես, որ հանդիսատեսը ոչ միայն չկտրվի օրվա գլխավոր թեմայից, այլև իրավիճակին ուրիշ դիտանկյունից նայելու հնարավորություն ունենա՝ միաժամանակ նպաստելով համահայկական դրամահավաքին:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 2548

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: