«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնը կվերսկսի առցանց կինոցուցադրությունները

 

«Ծիրանի ծառ»  վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը նոյեմբերի 23-30-ը առցանց ձևաչափով կցուցադրի լիամետրաժ ու կարճամետրաժ 15 ֆիլմ:  

Ֆիլմերն առավելապես օտարերկրյա արտադրության են` (Պորտուգալիա, Ռուսաստան, Նիդերլանդներ, Էստոնիա, Չինաստան, Ավստրալիա, Լեհաստան, Կանադա, Գերմանիա/Ճապոնիա) ստեղծված 2018-2020 թվականներին: Դրանք կցուցադրվեն  ամեն օր՝ ժամը 20:30-ից, կուղեկցվեն հայերեն թարգմանությամբ և հասանելի կլինեն  atieff.org կայքում:

Նոյեմբերի 23-ին կցուցադրվի  բուլղարացի վավերագրող Զլատինա Ռուսևայի «Կորած հիշողություն» ֆիլմը:

Կինոցուցադրությունների ծրագրում ընդգրկված է հայկական վավերագրական երկու ֆիլմ՝ Հովհաննես Իշխանյանի «Էլի կգաս, պապ» և Կարինե Արոյանի ու Նարե Նավասարդյանի համարտադրությամբ ստեղծված «Անցում»-ը:

«Մենք վստահ ենք, որ  ֆիլմերից յուրաքանչյուրն ունի գեղարվեստական ու մարդասիրական բարձր արժեք։ Թեպետ ծրագիրը չափազանց բազմազան է՝ (կան թե՛ ազգագրական, թե՛ փորձարարական, թե՛ անիմացիոն վավերագրություններ) բոլոր ֆիլմերն էլ թույլ են տալիս վերապրել հերոսների կենսափորձը, կողքից նայել աշխարհաքաղաքական գործընթացներին ու հետաքրքիր ընդհանրացումներ անել»-ներկայացնում է «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը։

Cultural.am-ը դեռ սեպտեմբերին անդրադարձել էր «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին, որը համավարակի պատճառով անց էր կացվում նոր ձևաչափով՝ մեկտեղելով բացօդյա և առցանց կինոցուցադրությունները: Կազմակերպիչները սեպտեմբերի 14-20-ը Ուջանում բացօդյա ցուցադրություններ էին անցկացրել և նախատեսում էին դրանից անմիջապես հետո նույն ֆիլմերը մինչև դեկտեմբեր ամիսը, ամեն շաբաթ, առցանց ցուցադրել նաև փառատոնի պաշտոնական կայքում։ Բայց կորոնավիրուսին հաջորդեց պատերազմը և փառատոնի պատասխանատուները որոշեցին հետաձգել առցանց ծրագիրը։

«Նոյեմբերի 9-ից հետո մտածում էինք՝ որքանով է նպատակահարմար ու տեղին հիմա կինոփառատոն անցկացնել։ Ի վերջո եկանք այն եզրակացության, որ հիմա դա ավելի տեղին է, քան երբևէ, քանի որ հենց արվեստն ու գիտությունն են մարդուն օգնում վերաիմաստավորել աշխարհը, աղետները, ողբերգությունները, սեփական որոշումներն ու ճիշտ պատասխանների հանգել: Այդ իսկ պատճառով նոյեմբերի 23-30-ը հանդիսատեսին կներկայացնենք այն նույն ֆիլմերը, որոնք, ըստ նախնական ծրագրի, պիտի ներկայացնեինք սեպտեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը» -պատմում է Արթուր Վարդիկյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի վերջում՝ դեկտեմբերի 1-ին, որպես փոքրիկ, բայց շատ կարևոր հետգրություն հանդիսատեսին կներկայացնեն Ուջանի կինոդպրոցի սաների առաջին երկու կարճամետրաժ վավերագրական աշխատանքները, որոնք նկարահանվել են սեպտեմբերին՝ բացօդյա փառատոնի օրերին։ Ռեժիսորներն Ուջանի 14-15 տարեկան երկու աղջիկներն են՝ Մանե Վարդանյանն ու Սոսե Հարոյանը, որոնք իրենց առաջին քայլերն են անում կինոյի և, ընդհանրապես, արվեստի ոլորտում:

Բոլոր ցուցադրությունները կուղեկցվեն հեղինակների հետ հարցազրույցներով ու քննարկումներով:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1863

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: