Լեհական մշակույթի օրեր Հայաստանում
Դեկտեմբերի 7-9-ը Հայաստանում կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը՝ նվիրված 1920 թվականին Վարշավայում տեղի ունեցած ճակատամարտի 100-ամյակին: Այն իրականացվում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Róbmy swoje dla kultury հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի դեսպանության համագործակցությամբ:
Ինչպես հայտնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից՝ նախագծի շրջանակում կկայանան կինոցուցադրություններ, կբացվի ֆոտոցուցահանդես, տեղի կունենա գրքի շնորհանդես և լեհական դասական երաժշտության համերգ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ կլինի:
Ֆոտոցուցահանդես/շնորհանդես
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին «Դալան» ցուցասրահում տեղի կունենա «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և Royal Łazienki Museum-ի կողմից տրամադրված «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Կցուցադրվի Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը, ինչպես նաև կկայանա Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։
Կինոցուցադրություններ
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, և դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կցուցադրվեն Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» ֆիլմերը՝ հայերեն թարգմանությամբ:
Դարիուշ Գաժևսկու՝ 2019թ-ին արտադրված, 140 րոպե տևողությամբ «Լեգիոններ» ֆիլմը դրամա է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա: Այն ներկայացնում է Ժոզեֆ Պիլսուդսկու կողմից ստեղծված լեհական լեգիոնները և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանի անկախության համար մղվող պայքարը՝ ցարական Ռուսաստանից անկախություն ստանալու համար: Այս ֆոնին ծավալվում է նաև սիրո եռանկյունու պատմություն։ Կինոցուցադրությունից հետո կներկայացվի ձայնագրված հարցազրույց ֆիլմի պրոդյուսեր Մաջեյ Պավլիցկու հետ:
Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարը լրտեսական դրամա է՝ հիմնված Յան Նովակի «Սուրհանդակը» իրական պատմության վրա: 1944-ի օգոստոսին Վարշավայի ապստամբության բռնկումից ակնթարթներ առաջ Լեհաստանի աքսորի կառավարությունը Յանին խնդրում է գաղտնի տեղեկատվություն փոխանցել Վարշավայի ցամաքային բանակի հրամանատարությանը...ֆիլմը ներկայացնում է Լեհաստանի՝ նացիստական և խորհրդային ուժերի կողմից օկուպացիայի մութ ժամանակները, երբ հերոսը միայնակ որոշում է պատերազմի ճակատագիրը: Կինոցուցադրությունից հետո տեղի կունենա հարցուպատասխան դերասանուհի Պատրիցա Վոլնիի հետ:
Լեհական դասական երաժշտության համերգ
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կանցկացվի լեհական դասական երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Արմենիա» լարային քառյակը, իսկ քառյակի ընկեր-երաժիշտները կկատարեն Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։ Կհնչեն նաև Շոպենի, Լուտոսլավսկու և այլոց ստեղծագործությունները:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 2282