«Քարն ու ջուրը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ռ. Իսրայելյանի նախագծած հուշաղբյուրներին

Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտին է փոխանցվել Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ արխիվը։ Նոր նյութերի հիման վրա թանգարանում բացվել է ժողովրդական ճարտարապետի ստեղծագործության առաջին թեմատիկ ցուցահանդեսը:
«Քարն ու ջուրը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Ռաֆայել (Ռաֆո) Իսրայելյանի նախագծած հուշաղբյուրներին։ Նա է ստեղծել հուշաղբյուր- հուշակոթողի ժանրը։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծած 100-ից ավելի հուշաղբյուր-կոթողների զգալի մասը ներկայացված է ցուցահանդեսին։
Այդ կոթողներն այնքան առօրեական են, որ թվում է` միշտ են եղել: Այնինչ, մեր քաղաքային միջավայրի և մշակույթի մասն են դարձել անցյալ դարի 40-ականներին, Հայրենական մեծ պատերազի ճիշտ կեսից: Ճարտարապետի թոռան՝ Արամ Ղանալանյանի խոսքով, Իսրայելյանի նախագծած առաջին հուշարձան-աղբյուրը տեղադրվել է 1943 թվականին՝ Փարաքար գյուղում: Այն նվիրված էր երկրորդ աշխարհամարտին փարաքարցիների մասնակցությանը: Ավանդույթը շարունակական է դարձել: Հայաստանի ամբողջ տարածքում, նաև՝ Սփյուռքում, հետագայում հարյուրավոր հուշաղբյուր-հուշակոթողներ են դրվել՝ ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների:
«Քարակերտ կոթողը համադրել է ջրի հետ, որը կրում է հավերժության, հարատևության, կյանքի սիմվոլներ»,- նշում է Ռաֆայել Իսրայելյանի թոռը՝ Արամ Ղանալանյանը։
Հուշաղբյուրների էսքիզներն առաջին անգամ են ցուցադրվում: Ճարտարապետի արխիվը դեռևս ուսումնասիրված չէ: Անգամ փոքր ժանրի մեջ չկրկնվող զարդանախշերի վարպետը բացառիկ ձևեր և սյուժեներ է գտել: Ցուցադրությանը ներկայացված մի քանի տասնյակ էսքիզները բացահայտում են ճարտարապետի ներշնչանքի աղբյուրը՝ ժողովրդական բանահյուսությունն ու արվեստը, գրականությունն ու մշակույթը:
Հուշաղբյուր–հուշակոթողների մասին Ռաֆայել Իսրայելյանը գրել է․ «Աղբյուրներ Հայաստանում շատ կան, առանձնապես ուշագրավ են Հաղպատի և Սանահինի աղբյուրները, բայց ես ուզում եմ, օգտագործելով մեր նախնիների հարուստ փորձը, նոր խոսք ասել այդ ուղղությամբ, աղբյուրների մեջ արտահայտել ժամանակի շունչը»։ 20-րդ դարում Ռաֆայել Իսրայելյանը հնի և նորի զարմանալի համադրությամբ ստեղծեց ազգային սիմվոլներ և ազգային ճարտարապետության դպրոց: Դրա վկայությունն են ճարտարապետի նշանավոր հուշակոթողները և քաղաքային մշակույթի մաս դարձած փոքր ծավալի հուշաղբյուրները: Ի դեպ, պահոցի նախագծերի և էսքիզների շնորհիվ հնարավոր է եղել ինքնորոշել որոշ հուշաղբյուրների հեղինակին: Ռաֆայել Իսրայելյանը դրանք չի ստորագրել, և երկար ժամանակ դրանց հեղինակն անհայտ է եղել:
«Ժողովրդական բանահյուսությունը շատ լավ է ուսումնասիրվել Իսրայելյանի կողմից, և դրա օրգանական կապը նրա ստեղծագործություններում, քարի մեջ կերտվելը ակնհայտ է: Ժողովրդական առակները, ավանդապատումները շատ մեծ արտացոլում են գտել հարթաքանդակների մեջ, սյուժեները, խոյակները, ամեն տեղ օգտվել է հայակական բանահյուսությունից», - ասում է Արամ Ղանալանյանը:
Իսրայելյանի այս գաղափարը շարունակել և վերարտադրել են նաև այլ հայ ճարտարապետներ։ Կառուցվել են հազարավոր աղբյուր–հուշարձաններ քաղաքներում և գյուղերում։ Աղբյուրներ կառուցվել են Փարաքարում, Կաթնաղբյուրում, Բյուրականում, Հռիփսիմե և Գայանե եկեղեցիների բակերում, Ստեփանավանում և այլուր։
Նշանավոր ճարտարապետի մեծ արխիվը ներառում է շուրջ 10 հազար միավոր: Արխիվի ամբողջական ուսումնասիրմանը կհետևեն նոր ցուցահանդեսներ, որոնք կշարունակեն բացահայտել Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ժառանգությունը։ Ժառանգների կարծիքով, թանգարան-ինստիտուտում արխվային նյութերը ոչ միայն ավելի լավ կպահպանվեն, այլև՝ կուսումնասիրվեն: Արխիվի հիման վրա թեմատիկ ցուցադրությունները կշարունակվեն:
Հերմինե Հակոբյան
- Created on .
- Hits: 2021