Հայաստանում մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը

 

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը այս տարի տեղի կունենա առցանց:

Կինոցուցադրությունների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝ ժամը 21:00-ին, և կշարունակվի մինչև փետրվարի 28-ը:

Այս տարվա ծրագրի կուրատորը «Curzon Magazine»-ի և «BFI Filmmakers Magazine»-ի խմբագիր, բրիտանացի կինոքննադատ Յան Հեյդն Սմիթն է:

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է տարբեր ժանրերի ֆիլմեր՝ դրամայից մինչև վավերագրություն: Կինոփառատոնի ծրագրային ցանկում ներառված են Մեծ Բրիտանիայի առաջատար, համաշխարհային հեղինակավոր կինոմրցանակներով պարգևատրված ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերը, որոնք ներկայացնում են բրիտանական նոր կինեմատոգրաֆիայի զարգացումը:

Ծրագրում ներառված են ռեժիսորներ Սաուլ Մեցշտայնի «Գնումների կեսգիշերով», Ազիֆ Կապադիայի «Մարտիկը», Անդրեա Առնոլդի «Բնակելի համալիր. Րեդ Րոուդ», Ռիչարդ Այոադի «Սուզանավ», Փեդի Կոնսիդաինի «Տիրանոզավր», Բարտ Լեյթոնի «Ինքնակոչը», Ուիլյամ Օլդրոյդի «Լեդի Մակբեթ» ֆիլմերը:

Նշված ֆիլմերից բացի տեղի կունենա նաև Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ) առաջադրած լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը, որոնք վեր են հանում բրիտանական հասարակության ընդգրկուն բազմազանությունն ու կինոտեխնիկայի համաշխարհային մակարդակի հմտությունները, ի ցույց դնում Միացյալ Թագավորության՝ համաշխարհային որակի կարճամետրաժ ֆիլմերի արտադրության շարունակական ավանդույթները:

Ցուցադրվելիք կարճամետրաժ ֆիլմերի ցանկում ներառված են ռեժիսորներ Միրիամ Ռաջայի «Ազար», Սաշա Րեինբոուի «Քամալի», Մերիամ Մոհաջերի «Պապս ռոմանտիկ էր», Նաաման Ազհարի «Կախարդական նավակը», Հեկտոր Դոքրիլի «Ոսկե ձկնիկ», Լենա Հեդեյի «Թակարդը», Քատրին Շտայնբախերի «Նրա կաշվի մեջ» ֆիլմերը:

Իննօրյա ծրագրի շնորհիվ կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան բացահայտել և անվճար դիտել բրիտանացի ռեժիսորների վերջին 20 տարիների  գործերը: Դրանք  հասանելի կլինեն փառատոնի շրջանակում ստեղծված հարթակում՝ bffam.org-ում և հնարավոր կլինի դիտել անգլերեն բնօրինակով և հայերեն ենթագրերով:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1499

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: