Հայկական երաժշտությունը ձեր տանը, իսկ գումարը` արցախյան պատերազմում տուժածներին

Փոքրիկ հանգանակություն, և ձեր տուն կմտնի հայկական հոգին: Գերմանիայում ստեղծված «Շողեր» երգչախումբը իր առաջին ձայնասկավառակն է ներկայացրել:
Այս երգչախումբը, որ ստեղծվել է 2012 թվականին Մյունխենի տեղի հայ համայնքի աջակցությամբ և դարձել առանձին գործող երգչախումբ` 2016 թվականից, նպատակ ունի գերմանացիներին ցույց տալ ու մատուցել հայկական երաժշտությունն իր ամբողջ գունապնակով` ներկայացնելով հայ ժողովրդական, հոգևոր, հայրենասիրական և դասական երաժշտությունը:
«Երգչախմբի ստեղծումը և կայացումը ոչ միայն հայ երգերը օտար հողում ապրեցնելուն էր միտված, այլև այդ երգերով փորձում ենք կարոտը լրացնել և մեր արվեստը տարածել գերմանախոս միջավայրում: Գերմանացիները սիրում են ծանոթանալ տարբեր մշակույթների հետ, ունկնդրել իրենց ականջի համար նոր երաժշտություն»,- նշում է երգչախմբի խմբավար Արմինե Բաբայանը` ավելացնելով, որ երգչախմբի կազմում միայն աղջիկներ են ու ոչ բոլորն ունեն երաժշտական կրթություն, բայց աշխատասիրության միջոցով հասել են պրոֆեսիոնալ մակարդակի:
Արմինե Բաբայանը մի օր որոշել է երգչախմբի այսքան տարիների աշխատանքը հավաքել մի տեղում` ձայնասակավառկի տեսքով: Ձայնասկավառակի ստեղծման աշխատանքները դեռ 2018 թվականից են սկսվել, բայց որոշ պատճառներով ձգձգվել են, իսկ թողարկումը համընկել է Հայաստանում արցախյան պատերազմի օրերի հետ:
«Ձայնասկավառակը թողարկվեց նոյեմբերի սկզբին, երբ Հայաստանում պատերազմ էր: Այն ի սկզբանե նախատեսված չի եղել վաճառքի համար: Սակայն պահի հրամայակաով որոշեցինք, որ Հայաստանի համար նման դժվար օրերին մենք էլ մեր ներդրումը կարող ենք ունենալ: Ձայնասկավառակից ստացված ողջ գումարը մենք փոխանցում ենք մի քանի կազմակերպությունների,, որոնք օգնում են արցախյան պատերազմում տուժածներին: Այդ կազմակերպություններն են Գերմանախոսբերի հայկական ասոցացիան, «Kamurdsch-Brücke», «HayArmat», «DAV Sozial» ՀԿ-ները»,- նշում է խմբավարը և ավելացնում, որ միայն այս ծրագրերով սահմանափակվել չեն ցանկանում: Նրանք նպատակ ունեն իրենց ձայնասկավառակի միջոցով ավելի շատ մարդկանց օգնել և այս գործընթացում նաև օտարերկրացիներին ներգրավել:
Արմինե Բաբայանը պատմում է, որ գերմանացիները սիրում ու գնահատում են հայկական երաժշտությունը, իսկ երաժշտությունը հուզական կապ է ստեղծում Հայաստանի, Հայաստանի բնության, մարդկանց, պատմության և օտարերկրացու միջև: Այսիպիսով, նրան նվիրատվություն են կատարում և դրա դիմաց ստանում են նոր մշակույթի, հայկական արվեստի հետ ծանոթանալու հնարավորություն:
Ձայնասկավառակը լույս է տեսել հայերեն-գերմաներեն, հայերեն-անգլերեն: Ձայնասկավառակի դիզայնի և պատկերի հեղինակը Դիանա Ադամյանն է, որի գաղափարն էր հրեշտակի կիրառումը դիզայնի մեջ` այս երգն ու երաժշտությունը հրեշտակային, լույս տարածող համարելով: Ձայնասկավառակում ընդգրկված են երգեր Կոմիտասից, Մ․ Եկմալյանից, Է․ Հովհաննիսյանից:
Մերի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 2108