Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքները «Նարեկացի» արվեստի միությունում

Ապրիլի 5-ին  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Գիտության և արվեստի խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որին ներկայացված են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքները:

Տարիների ընթացքում գիտաշխատողներն իրենց գիտական գործունեությանը զուգահեռ նաև ստեղծագործել են՝ չունենալով բազային կրթություն այդ ոլորտում։ Այսօր նրանցից ոմանք ներկայացրել են իրենց աշխատանքները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համակարգող կամավոր Տաթևիկ Համբարձումյանը՝ պատմելով միջոցառման մտահղացման և դրա իրագործման մասին․ «Զանգեց իմ հնագետ ընկերներից մեկն ու ասաց, որ պատերազմից, Տիգրանակերտը կորցնելուց և մի շարք տխուր իրադարձություններից հետո իրենք ուզում են դրական մի բան անել և որոշել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ աշխատակիցներով իրենց  սիրողական աշխատանքները ցուցադրել միությունում։ Մենք էլ մեծ պատրաստակամությամբ ընդառաջ գնացինք այդ մտահղացմանը։ 

cucahandes4

Նա ընդգծեց, որ ցուցահանդեսին մասնակցող հեղինակների մասնագիտությունները շատ մոտ են արվեստին, քանի որ բոլորն էլ աշխատատար են և պահանջում են շատ ժամանակ։ Հեղինակների մեջ կան ինչպես հնագետներ, ազգագրագետներ, այնպես էլ բանասերներ և այլ մասնագիտություններ ունեցող անձինք։

Ցուցահանդեսի բացմանն իր խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով արվեստագետներին ցուցահանդեսի համար։

Ցուցադրվող աշխատանքների հեղինակներից է, օրինակ, Արմեն Հարությունյանը, ով, լինելով Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, ցուցահանդեսին ներկայացրել է իր ապակե երկու կոմպոզիցիաները՝ «Արարատ» և «Այր ու կին» վերնագրերով։

cucahandes1

«Աշխատանքները ստեղծվել են 2007 թվականին, երբ զբաղվում էի ապակեգործությամբ և հայելիների ու ապակու կտորների մնացորդներով։ Այդպես որոշեցի մնացորդները նետելու փոխարեն հետաքրքիր կոմպոզիցիաներ ստեղծել, այսօր էլ լավ առիթ է այս երբեմնի աշխատանքները ցուցադրելու համար»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Ցուցադրության հեղինակներից է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կրտսեր գիտաշխատող, ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը, ով ցուցադրությանը ներկայացրել է իր հարթաքանդակները և հայկական նախշերով երկու ափսեները։

«Հարթաքանդակների թեմաները վերցրել եմ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ռելիեֆներից։ Աշխատանքների մեծ մասը գինու անոթներ են։ Մեր արվեստում հարթաքանդակների մեծ քանակ կա, բայց մեր ավանդական արվեստում եռաչափ քանդակներ քիչ կան, այդ պատճառով այդ պակասը փորձել եմ լրացնել՝ հարթաքանդակները եռաչափի վերածելով»,- պատմեց Լիլիթ Տեր-Մինասյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 9-ը, իսկ մուտքն ազատ կլինի  բոլոր ցանկացողների առաջ։

 

Անի Մարտիրոսյան

  • Created on .
  • Hits: 120

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: