Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը` Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի «Կարայան» ակադեմիայի մասնակից

 

 

«Շվարցքոփֆ երիտասարդ Եվրոպա» հիմնադրամն այսուհետ ամեն տարի Բեռլինի ֆիլհարմոնիայի «Կարայան» ակադեմիայի հետ համագործակցությամբ կրթաթոշակ կտրամադրի երիտասարդ կոմպոզիտորներին։

Առաջին մրցանակակիրը հայազգի կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն է։ Այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս աշխատել կոմպոզիցիոն նախագծի վրա, որը կներկայացվի որպես «Կարայան»  ակադեմիայի կամերային երաժշտության համերգի մաս: Բացի այդ, կրթաթոշակառուն հնարավորություն ունի ներգրավվել Բեռլին ֆիլհարմոնիկի աշխատանքներում։

«Երաժշտությունն արվեստի այն ձևն է, որը կարող է առավել հեշտությամբ կապել մարդկանց սահմաններից այն կողմ», - ասում է Անդրե Շմից-Շվարցքոփֆը:

Պիտեր Ռիգելբաուերը, Բեռլինի ֆիլհարմոնիայի «Կարայան» ակադեմիայի գործադիր տնօրենը նշել է․ «Կարայան» ակադեմիայի համար նոր կոմպոզիցիայի կրթաթոշակը նշանակում է ուսումնական ծրագրի հարստացում: Մենք ուրախ ենք, որ այն շնորհեցինք Հովիկ Սարդարյանին՝ երիտասարդ սերնդի ամենահետաքրքիր կոմպոզիտորներից մեկին, և անհամբեր սպասում ենք նրա նոր գործերին»:

Հովիկ Սարդարյանը ծնվել է 1993 թվականին: 2001թ. սովորել է Արցախի Հադրութի երաժշտական դպրոցում, այնուհետև Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանում: 2010-2014 թ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական դասարանում: 2015 թվականից սովորել է Գերմանիայի Կարլսրուհե քաղաքի երաժշտական բարձրագույն դպրոցում, անվանի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ռիմի դասարանում: Այժմ սովորում է Գերմանիայի Սաար երաժշտական բարձրագույն դպրոցում՝ Առնլուլֆ Հերմանի դասարանում: Մի շարք միջազգային մրցութների առաջին մրցանակակիր է, այդ թվում՝ Բեռլինի արվեստների ակադեմիայի Բուզոնիի անվան մրցանակակիր (Förderpreis)։ Նա «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպության փոխնախագահն է, www.cultural.am կայքի խմբագրակազմի անդամ:

  • Created on .
  • Hits: 2768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: