Գրիգոր Պըլտեանի 15 գործ լույս կտեսնի առանձին գրքով` մեկ մատենաշարի շրջանակում

 

 

ԱՐԻ գրականության հիմնադրամը կհրատարակի Գրիգոր Պըլտեանի 75-ամյակին նվիրված գրքերի շարք, որը կներկայացնի գրողի 15 գործ, այդ թվում` մինչ այսօր անտիպներ:

Հատորյակների համար ձեռնարկի հեղինակներն ընտրել են փոքր գրքի ձևաչափը:

«Պըլտեանի նոր գործերը միշտ հրատարկվում են, հները վերահրատարակվում: Այս նախագիծը ավելի դյուրին յուրացվող, միանգամից կարդալու, հետո մյուսին մոտենալու համար է: Այսպես, քիչ-քիչ կընտելանան Պըլտեանի գրականությանը, կոպիտ ասած` «պոպուլարիզացիայի» համար է», - ասում է ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը:

Ընտրված ստեղծագործությունները փիլիսոփայական, գրականագիտական, արվեստաբանական և վերլուծական բնույթի են: Արևիկ Աշխարոյանի խոսքով, փոքր գրքի ձևաչափը հատուկ նախատեսված է  երիտասարդներին գրավելու համար: Նախկինում հրատարակված և հրատարակվող մեծ հատորներն ավելի դժվարամարս են և նախատեսված են մասնագետների համար: Մատենաշարի առաջին հնգյակն արդեն վաճառքում է, գինը նույնպես մատչելի է` գրքույկներն առավել հասանելի դարձնելու համար:

Ստեղծագործությունների ընտրանին արևմտահայերեն է, բնագրով` ինչպես Գրիգոր Պըլտեանն է գրում:

«Մեզ ունենք կոմպլեքս, մեզ թվում է` արևմտահայերենը  դժվար է և խուսափում ենք ընթերցելուց: Մինչդեռ  գրեթե նույն հայերենն է, դժվարությունները հաղթահարելի են` ընթերցանության միջոցով:  Պըլտեանի դեպքում, նրա լուրջ գրականությունն անգամ արևելահայերեն էր դժվար ընթերցվելու: Չէ որ  փիլիսոփայական միտքը պատրաստված ընթերցողին է ուղղված»,- նշում է Արևիկ Աշխարոյանը:  

Ամռանը ամբողջ մատենաշարը արդեն հրատարակված կլինի, նշում է նա:

Գրիգոր Պըլտեանի նոր, դյուրահաս ձևաչափի մատենաշարը հրատարակվում է «Գրիգոր Պըլտեանի բարեկամներու շրջանակ» միության նախաձեռնությամբ`«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինասնավորմամբ: 

 

 

 

Հերմինե Հակոբյան

  • Created on .
  • Hits: 1168

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: