Արշակ Ֆեթվաճյանի աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվում են Հայաստանում

Սանահինի և Հաղպատի ճարտարապետական զարդաքանդակների մատիտանկարներ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակից դուրս մնացած կադրեր և այլ հետաքրքրի գեղանկարներ ցուցադրված են «ՍԱ- ՆՐԱՆԻՑ –ՀԻՆ» ցուցահանդեսում: Հայաստանի ազգային պատկերասրահը երկար դադարից հետո նոր շունչ է բերում:
«Ցուցահանդեսը շատ խորհրդանշական է: Պատահական չէ, որ այն կազմակերպում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա նվիրված. այսօր չափազանց արդիական է հուշարձանների, ընդհանրապես, մեր մշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրայնացումը`համաշխարհային առումով», - այս մասին նշեց ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը:
Ցուցահանդեսի հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի 18 աշխատանքները, որ Հայաստանում ներկայացվում են առաջին անգամ: Նկարները Ֆեթվաճյանը արել է 1900-1919 թվականների շրջագայության ժամանակ: Այդ աշխատանքներում ներկայացված են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տաճարների և եկեղեցիների ճարտարապետական գծանկարները: Մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները:
«Այսօր դրանք ոչ միայն գեղարվեստական արժեք ունեն, այլև` փաստավավերագրական: Առաջին անգամ, երբ տեսա նկարները այնքան ապշեցուցիչ էր, որ ցանկություն առաջացավ դիպչել աշխատանքին, որովհետև շատ անհավատալի է, որ դրանք մատիտով արված աշխատանքներ են: Շուրջ երկու հազար մատիտանկար ունի, որոնց մեծ մասը Հայաստանում են», - նշում է ՀԱՊ տնօրենը, ապա ավելացնում, որ Արշակ Ֆեթվաճյանի նկարներով առանձին ցուցադրություն ևս ցանկանում են կազմակերպել:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշյանի, Եղ. Թադևոսյանի, Փ.Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի. Վ.Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը:
Ինչպես նշում է Մարինա Հակոբյանը, գեղանկարչական հատվածի մեխը Փանոս Թերլեմեզյանի աշխատանքն է, որը Մյունխենի միրջազգային ցուցահանդեսում առաջին մրցանակին է արժանացել: Այդ աշխատանքը նաև ՀԱՊ-ի մշտական ցուցադրության նմուշներից է:
Ցուցահանդեսում ներկայացված է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող ինստալիացիա: Դրանք ոչ ամբողջական կադրերն էին. ընդգրկված են հենց Սանահինի և Հաղպատին նվիրված կադրերը:
Ինստալիացիան հնարավոր է եղել ցուցադրել ազգային կինոկենտրոնի հետ համատեղ ջանքերով: Նշենք նաև, որ ցուցահանդեից առաջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Մերի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 1437