Հովհաննես Մարգարյանի ստեղծագործության ձայնն ու բույրն այժմ ճարտարապետության թանգարանում են

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը բացել է է «Քարի ձայնն ու բույրը. Հովհաննես Մարգարյան» խորագրով ցուցահանդեսը։ Ճարտարապետի ծննդյան 120-ամյակին նվիրված այս ցուցահանդեսի խորագրում առանձնացված են Երևանի երկու կարևոր շենք։ Մեկը Հայաստանի հանրային ռադիոյի՝ Ռադիոտան շենքն է, մյուսը՝ Արարատ կոնյակի գործարանինը։
Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի աշխատանքների էսքիզները, լուսանկարները:
Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը նշում է, որ Ռադիոտան շենքի մի քանի տասնյակ էսքիզներից ընտրել են քսանը: «Երևանում պետք է լիներ երեք շենք, որոնք պետք է աշտարակներ ունենային՝ կայարանի շենքը, Ռադիոյի տունը և հրապարակի թանգարանների շենքը, բայց 1950-ականների սկզբին երեքն էլ արգելվել են: Ենթադրում եմ, որ դա կապված է եղել շինարարության գնի հետ: 1960-ականների երկրորդ կեսին կառուցվել է հրապարակի աշտարակը»,- նշեց Մարկ Գրիգորյանը:
Մարգարյանի ամենահայտնի գործերի ոչ այնքան հայտնի գծագրերի ու աշխատանքների թվում կոնյակի գործարանի այն գծագիրն է, որի վրա իր հաստատող ստորագրությունն է դրել ԽՍՀՄ սննդի արդյունաբերության նախարար Անաստաս Միկոյանը: Որոշ էսքիզներ գրեթե առնչություն չունեն այսօրվա շենքի հետ: Երևանում կոնյակի արտադրության նոր և աչքի ընկնող կառույցի շինարարությունն սկսվել է 1940-ականների վերջին: 1953-ին արդեն հայկական կոնյակի գործարանի ամենաակնառու շենքը հանձնվել է շահագործման: Մայրաքաղաքի այդ հատվածում այն դարձավ համայնապատկերի ամենավեհ կառույցը՝ հարևանությամբ գտնվող Հրազդան մարզադաշտի և Հաղթանակի կամրջի հետ անսամբլում:
Աշխատանքների մի ստվար հատված առաջին անգամ է ցուցադրվում: Նյութերի զգալի մասը պատկանում է ճարտարապետի ընտանիքին: Ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից: Ներկայացված են ճարտարապետի ավանգարդիստական ժամանակները, ինչպես նաև մի շարք հետաքրքիր փաստաթղթեր: Ճարտարապետի անձնական արխիվից լուսանկարների մեջ 1930 թվագրված խմբանկարում Երևանի շինարարական տեխնիկումի առաջին շրջանավարտներն են: Ցուցադրության մեջ է նաև ճարտարապետական կուրսի շրջանավարտի ամենաառաջին դիպլոմը: Առաջին շրջանավարտներից էին Հովհաննես Մարգարյանը, Սամվել Սաֆարյանը և Մարկ Գրիգորյանը:
1932 ճարտարապետներ Մազմանյանի, Ահարոնյանի, Գ. Քոչարի համահեղինակությամբ Հովհաննես Մարգարյանը ներկայացնում է «Մանկական աշխարհ» հանրախանութի նախագիծը: Այն կառուցվեց Աբովյան փողոցի սկզբնամասում և այսօր էլ Երևանի աչքի ընկնող կառույցներից է, թեև չի գործում իր նշանակությամբ:
Հովհաննես Մարգարյանը հայ առաջին ավանգարդիստ ճարտարապետներից էր: Նրա մասշտաբային մտածողության շնորհիվ է կառուցվել Գրքի պալատը և մայրաքաղաքի ճոպանուղու կայարանի շենքը՝ Երևանում, աչքի ընկնող առողջարանային համալիրը՝ Արզնիում, Վանաձորի կենտրոնական հրապարակը: Ընդհանուր առմամբ, ցուցադրության մեջ ներկայացված են ճարտարապետի մի քանի տասնյակ խոշորածավալ գործերը: Դրանով ընդգծված է մեծ ճարտարապետի ստեղծագործական մտքի ընթացքը՝ միշտ մասշտաբային և ազդեցիկ:
Ցուցադրված նյութերի մեծ մասը ճարտարապետի ընտանիքն հանձնել էլ թանգարանին: Հրատարակության է պատրաստվում Հովհաննես Մարգարյանի գործունեությանը նվիրված գիրք և կատալոգ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Հայ ճարտարապետներ» մատենաշարի շրջանակում: Շարքի առաջին հատորը լույս է տեսել անցյալ տարի և նվիրված է Միքայել Մազմանյանին:
Ցուցահանդեսը կգործի մոտ երկու ամիս՝ մինչև հունիսի վերջ:
Հերմինե Հակոբյան
- Created on .
- Hits: 4848