Դավիթ Բալասանյանը՝ «12th Piano Fidelio Composition Competition» մրցույթի հաղթող

 

Կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանը «12th Piano Fidelio Composition Competition» միջազգային մրցույթի «Minimalist/Experimental/New Age անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի: Նույն մրցույթի ջազային և ատոնալ անվանակարգերում նա երկրորդ և երրորդ մրցանակների էր արժանացել նաև 2019թ-ին:

Առցանց տեղի ունեցած այս մրցույթը մեկնարկել էր ապրիլին՝ ընթանալով շուրջ մեկ ամիս: Արդյունքները հայտնի են դարձել օրեր առաջ:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Բալասանյանը մրցույթին հանդես է եկել «Circular» ստեղծագործությամբ, որը ձայնագրվել է 2020 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ «ANM Artist» նախագծի շրջանակներում:

«Ստեղծագործությունս ազատ իմպրովիզացիա է, համպատրաստից ստեղծված, առանց որևէ նախնական էսքիզների: Այդ ձայնագրությունս իր տեսակի մեջ եզակի է»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտորը՝ նշելով, որ մրցույթին ներկայացվել է 17 երկրից  39 հեղինակի 58 ստեղծագործություն:  

«Ազատ իմպրովիզացիան մեծ հաշվով ճեպանկար է, ինքնադիմանկար՝ պահի թելադրանքով ծնված: Իմպրովիզացիաներս ոճային առումով շատ տարբեր են: Դրանք ներքինիս արտացոլանքն են, որ արտահայտվում են մեր հայկական լադերի, մեղեդիների, ժամանակակից ջազին բնորոշ ձևերի, դասական երաժշտության, ակադեմիական ժամանակակից երաժշտության, տարբեր էթնիկ մշակույթների լեզուների կամ, ասենք, ամերիկյան մինիմալիզմի միջոցով: Իմպրովիզացիաներ անելիս հաճախ համագործակցում եմ բազմաթիվ երաժիշտների հետ, մեծամասամբ՝ հայազգի: Նրանք բոլորն էլ իմ լավ ընկերներն են, ու այդ ընկերության, փոխըմբռնման արդյունքում է ծնվում նաև երաժշտական երկխոսությունը: Իմ շատ սիրելի ընկերոջ՝ կանադայաբնակ հայազգի կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի հետ բազմաթիվ ձայնագրություններ ենք արել, համերգներով հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Կանադայում։ Դաշնամուրներով, էլեկտրոնիկայով համատեղ իմպրովիզացիաներ ենք անում նաև կոմպոզիտոր, սաունդ արտիստ, հիանալի դաշնակահար Վարդան Հարությունյանի հետ։ Ունենք նաև «Ժամանակակից հնչյունի անսամբլ», որով տարբեր փառատոնների ենք մասնակցել»։

Դավիթ Բալասանյանն, անդրադառնալով արտիստի ստեղծագործական նորարարությունների կարևորությանն, ասում է՝ նորարարությունը շատ սուբյեկտիվ կատեգորիա է: «Կարելի է ընդհանրապես տեղյակ չլինել արվեստի ժամանակակից տենդենցներին ու ցանկացած անսովոր բան նորարարություն համարել: Եվ հակառակը՝ լինել գերտեղեկացված ու չընկատել նորի ծնունդը ամենաանսպասելի տեղում։ Ամեն դեպքում արվեստի նորարարությունն ինձ համար կարևոր պայման է, երբ ինքս ինձ դիտարկում եմ որպես կոմպոզիտոր, իսկ եթե ուղղակի ունկնդիր եմ՝ չի բացառվում, որ ես էլ մելոմանների նման բավարարվեմ եղածով»։

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1550

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: