Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-21 համերգաշրջանն ամփոփում է հոբելյանական համերգով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանը կփակի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգով, որը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա ազգությամբ հայ դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի երրորդ կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, գոսերի և լարայինների համար գրված սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի), կինոերաժշտությունը։
«Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է նվագախմբի կարևորագույն անդամներից մեկի՝ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 100-ամյակը՝ նվագախումը կատարելու է նրա սիմֆոնիան, որն առաջին անգամ կատարվել է Բեռլինում և ինչից հետո որոշվել է`նվագախումբը դարձնել պետական»-ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը, որ միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, հավելում է՝ բախտ է ունեցել փոքր տարիքում անձամբ տեսնել մաեստրո Էդվարդ Միրզոյանին, նույնիսկ լուսանկարն է պահպանվել:
Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով սիմֆոնիկ նվագախմբի 2020-2021 համերգաշրջանը, կարծիք հայտնեց, որ դիրիժոների համար այս տարվա ամենակարևոր երևույթը Ա.Խաչատրյանի անվան միջազգային 17-րդ մրցույթի անցկացումն էր, քանի որ դիրիժորների համար նախատեսված մրցույթներ շատ չեն լինում, իսկ այս մրցույթի շնորհիվ արդեն իսկ շատ տաղանդավոր դիրիժորներ են բացահայտվել:
Նրա խոսքով` այս ընթացքում արվել են մի շարք հատուկ նախագծեր: Անց են կացվել բարեգործական համերգներ, ձայնագրվել Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից և այլն, սակայն Սմբատյանը հատկապես առանձնացրեց հունվարին՝ Արցախում անցկացրած հոգևոր երաժշտության համերգը:
Նա մեծագույն ձեռքբերում է համարում ԱՄՆ-ում հայտնի ստարտափ, ՏՏ ընկերության հետ նվագախմբի համագործակցությունը:
«Քանի որ անցյալ տարի համավարակի պատճառով Ա.Խաչատրյանի անվան մրցույթը անցկացրեցինք առցանց տարբերակով, ներկայացրեցինք անհավանական մի նորություն, որ նվագախումբը կարող է հետևել մենակատարին, նույնիսկ կյանքի ոչ ռեալ պայմաններում: «Մետամյուզիք»-ը, որն արել է շատ հետաքրքիր կոնցեպտներ, ոգեշնչվել է մեր նորարարությունից և նորարարական դաշտում առաջինը, ինչի մասին կարելի է խոսել`Ա.Խաչատրյանի ջութակի կոնցերտն է, որի շրջանակում հայտարարել ենք նաև ջութակահարների միջազգային մրցույթ, որտեղ վերջիններս նվագում են Խաչատրյանի կոնցերտը, իսկ նվագախումբը նվագակցում է ռեալ պայմաններում»:
Անդրադառնալով նվագախմբի առաջիկա ծրագրերին՝ դիրիժորը շատ մանրամասներ չհայտնեց, պարզապես նշելով, որ նվագախմբի նոր համերգաշրջանի բացումը կլինի սեպտեմբերին:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1396