Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան՝ հայ հանդիսատեսի համար

 

Հայ հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրեց բարոկկո ոճի օպերային ներկայացում։ Հուլիսի 16-ից 20-ը Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում հայ հանդիսատեսի համար ներկայացվեց Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան։

18-րդ դարի հանրահայտ օպերան իր շուրջ էր համախմբել հայ ստեղծագործողների Հայաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:

Այն կյանքի է կոչվել Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջյանյանի, ռեժիսոր Վռամ Կարապետյանի, Նյու Յորքում բնակվող նկարիչ Տիգրան Ձիթողցյանի (ով նաև պաստառի հեղինակն է), խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի և այլոց շնորհիվ:

Օպերան հնչեց վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի կատարմամբ։ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի բեմադրության գլխավոր գործող անձինք կոնսերվատորիայի ուսանողներն էին։

Էդվարդ Թոփչյանի խոսքով՝ այս օպերան բացառիկ գործ է, որի ընտրությունը Հասմիկ Պապյանինն է եղել․ «Մենք տեսնում ու զգում ենք Պապյանի նվիրվածությունը հայ ժողովրդին, հայրենիքին: Այս օպերային ներկայացումը հենց այդ դրսևորումներից մեկն է: Հասմիկ Պապյանը եկել է օպերային ստուդիա և որոշել է այն ոտքի հանել, աշխատել ուսանողների հետ, որ ապագա ունենանք: Կարճ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել»,-մեզ հետ զրույցում նշեց դիրիժորը։

Հասմիկ Պապյանը նշեց, որ իրենք հասել են իրենց նպատակին արդեն այն ժամանակ, երբ երկրորդ օրվա ներկայացումից հետո բոլոր տոմսերը վաճառվել են․ «Բարոկկո օպերա երբևիցե Հայաստանում չէր կատարվել և ես ուզում էի անպայման, որ հայ ունկնդիրն էլ ծանոթանա, տպավորվի, որովհետև սա շատ հանգստացնող, վեհացնող, դեպի երկինք տանող երաժշտություն է։ Հատկապես հիմա մեր ժողովրդին սա շատ հարկավոր է»։

Օպերայի բեմադրության ռեժիսորի օգնական Լիլիթ Բլեյանը նշեց, որ այս փորձը շատերի համար առաջինն էր․ «Ամբողջ կազմը, մասնավորապես ուսանողները փայլուն կատարեցին իրենց աշխատանքը։Ինձ համար սա ամենակարևոր օպերաներից է՝ որպես օպերայի ռեֆորմի սկիզբ, մենք էլ շարունակելով այդ ռեֆորմիստական ավանդույթները, որոշեցինք փոփոխել, բայց շատ չհեռանալ բնօրինակից։ Այն ունի երկու վերջաբան՝ բուն առասպելը Օրփեոսի մասին տխուր ավարտով է, Գլյուկի տարբերակում ավարտը վերակենդանացմամբ է։Մենք վերցրինք տխուր արիայով վերջաբանը։ Իսկ ամենավերջում բոլորը երգում են սիրո հիմնը, քանի որ այն հենց սիրո պատմություն է»։

Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայստանյան չորսօրյա ներկայացումը դեռ սկիզբն է, այն լինելու է շարունակական։

FB IMG 1626863758576

FB IMG 1626863752251

FB IMG 1626863763216

FB IMG 1626863810676

 

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 1334

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: