Թումանյանի ստեղծած խաղերը՝ Գրքի երևանյան փառատոնի տաղավարում

 

Գրական ամենասպասված իրադարձությունը մեկնարկել է։ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը հուլիսի 30-ից արդեն ուղեկցվում է գրքերի տոնավաճառ-ցուցահանդեսով, շնորհանդեսներով, հանդիպումներով և քննարկումներով։ Միջոցառումները անցկացվում են Նկարիչների միությունում, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում։ Գրքի երևանյան փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Այն անցկացվում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով։

Նկարիչների միությունում բազմաթիվ հրատարակչությունների կողքին տեղադրված է նաև Թումանայանի տուն-թանագարանի տաղավարը։ Թանգարանը արդեն երրրորդ անգամ է մասնակցում փառատոնին։ Թումանյանի տուն-թարգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ իրենց մասնակցությունը այս փառատոնին կարևորագույն ձեռբերումներից մեկն է․

«Տարեկան հարյուրավոր այցելուներ է ունենում թանգարանը՝ ամենատարբեր տարիքի այցելուներ ունենք տարբեր երկրներից։ Մմեր խնդիրն է այնպիսի ծրագրեր մշակել, որ երբևէ թանգարանի հետ առնչություն չունեցած անձանց բերենք դեպի թանգարան, դեպի Թումանյան»։ Թանգարանը փառատոնի առաջին օրը՝ հուլիսի 30-ին, ներկայացրեց Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումները։

Անի Եղիազարյանի խոսքով՝ սա թանգարանի համար առավել քան կարևոր և պատասխանատու քայլ է․

«Արդեն տասը տարի է, ինչ թանգարանը այս գործունեությունը ծավալում է, Արևելք-արևմուտք մատենաշարը, որ հրատարակվեց թանգարանի համար, հավաստի աղբյուր է և՛ Թումանյանի, և՛ նրա ընտանիքի հետ կապված»։

Թումանյանը, գրական ժառանգությանը զուգահեռ, թողել է սեղանի ինտելեկտուալ խաղերի շուրջ տասը օրինակ։ Թանգարանի տնօրենի խոսքով՝ այս առումով էլ է գրողը ուղղորդող, հիմքաստեղծ․ քանի որ մեր գրական գործիչների շրջանում երկրորդը չենք գտնում, ով խաղաստեղծ լինի․

«Երբ 2007-2008թթ․ թանգարանը սկսեց խաղերի ուսումնասիրման գործընթացը և սկսվեց հրատարակումը, մտավախություն կար, քանի որ սեղանի խաղերը ընդունված չէին, գրախանութներում չէինք գտնի․ գնում էինք դեպի համակարգչային խաղեր։ Թումանյանի առաջին խաղը՝ «Հայոց գետեր»-ը, թողարկելուց հետո արձագանքներն այնքան մեծ եղան, որ մեկ տարի հետո մենք վերահրատարակեցինք խաղը և արդեն երրորդ անգամ ենք վերահրատարակում։ Երկրորդ խաղի հրատարակումից հետո այն որպես գիտաօժանդակ նյութ ներառվեց դպրոցներում»։

Գրողը որդու՝ Արտավազդի հետ խաղերը սկսել է պատրաստել 1915 թվականին, երբ առաջին աշխարհամարտ էր, Եղեռն։ Տանը երեխաների հետ հիմնադրել է «Մանուկ» ընկերություն, և սկսել են ձեռքով պատրաստել այս խաղերը։ Այս պահին թանգարանը աշխատում է մի խաղի վերականգմամբ, որը մասնակի է պահպանվել, բայց քանի որ խաղի բացատրությունը կա. Թումանյանը գրել է, թե ինչպես պետք է խաղալ, հավանաբար մինչև հաջորդ տարվա կեսերին այն հասանելի կլինի։ Խաղը վերաբերում է աստղերին, տիեզերական մարմիններին, կոչվում է «Աստղերի խաղ»։ Այն, բնականաբար ավելի մեծ տարիքի երեխաների համար է։

Գրքի երևանյան փառատոնը գործելու է մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Այն կամփոփվի գրական մրցանակաբաշխությամբ։ Հայտնի կդառնան փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» եւ «Արձակ» անվանակարգերում հաղթող հեղինակների անունները։

 

 Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 196

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: