Գրքի երևանյան փառատոնն ամփոփվեց
Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Գրքի երևանյան 4-րդ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ էլ հայտարարվեցին գրական մրցույթի հաղթողների անունները։ Գրական մրցույթը հայտարարվել էր երկու անվանակարգերում՝ «Արձակ» և «Պոեզիա»։ Շուրջ 70 հայտ ներկայացվել էր «Արձակ» անվանակարգում, որում հաղթող ճանաչվեց երիտասարդ արձակագիր Հովիկ Աֆյանը, որին իր մրցանակը հանձնեցին փառատոնի ժյուրիի անդամ, գրող, թարգմանիչ և դրամատուրդ Գուրգեն Խանջյանը և փառատոնի նախորդ տարվա «Արձակ» անվանակարգի հաղթող Աննա Դավթյանը։ Աֆյանը հայ ընթերցողին հայտնի է իր «Միս ուտողները», «Չաստվածաշունչ», «Կարմիր» գրքերով։
Մոտ 76 հայտ էլ ներկայացվել էր «Պոեզիա» անվանակարգում, որտեղ հաղթող է ճանաչվել բանաստեղծուհի Լուսինե Եղյանը։ Նա հրատարակել է «Մագմա», «Ինքնահոսի» բանաստեղծական ժողովածուները։ Եղյանին մրցանակը հանձնեցին ժյուրիի անդամ Քրիստինե Հովհաննիսյանը և փառատոնի 2020 թվականի գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգի հաղթող Անահիտ Հայրապետյանը։
Ինչպես գիտենք, Գրքի երևանյան փառատոն 2021-ը նվիրված էր Ե․ Չարեցնի ծննդյան 125-ամյակին ընդառաջ։ Գրական մրցույթի հաղթողները նաև պարգևատրվեցին «Եղիշե Չարենց» հուշամեդալով, որը նրանց հանձնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Հիշեցնենք, որ գրական մրցույցից զատ՝ Գրքի երևանյան 4-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ հայաստանյան հրատարակչությունները զեղչերով ներկայացրին իրենց գրքերը, տեղի ունեցան տարբեր գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, եղան հանդիպումներ գրական-մշակութային ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ և այլն։ Իսկ փառատոնի հաղթողներ Լուսինե Եղյանի և Հովիկ Աֆյանի հետ Cultural.am-ի հարցազրույցները կարդացեք հետևյալ հղումներով՝
«Պատերազմի ժամանակ, ի տարբերություն սիրո, կեղծիք չկա․․․». Հովիկ Աֆյան
- Created on .
- Hits: 1584