Մեկնարկել է «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը

Արդեն մեկնարկել է  «Մէկ կադր» 19-րդ միջազգային կինոփառատոնը, որը կընթանա մինչև սեպտեմբերի 28-ը: Փառատոնի բացումը տրվեց Լեհաստանը ներկայացնող Լուկաս Լասկովսկու «Եվս մեկ անգամ» ֆիլմով:

Այս փառատոնը Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանն ուղղված բաց հարթակ է, որում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն:

19-րդ կինոփառատոնին մասնակցում է 27 երկիր՝ Հայաստան, ԱՄՆ, Անգլիա, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Թայվան, Ինդոնեզիա, Իտալիա, Իրան, Իսպանիա, Իսրայել, Լեհաստան, Կանադա, Հարավային Աֆրիկա, Հոնգ Կոնգ, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Նամիբիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Չիլի, Պերու, Ռուսաստանի Դաշնություն, Ուզբեկստան, Ֆրանսիա:

Փառատոնի հիմնադիր, տնօրեն Գագիկ Ղազարէի խոսքով՝ մրցութային անվանակարգերը պահպանվել են: Ֆիլմերը կներկայացվեն «Մէկ կադր - մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի» անվանակարգերում: Առաջին դեպքում ներկայացվող ֆիլմի տևողությունը, առանց լուսագրերի, մեկ րոպե է, «կարճ ֆիլմերը» կարող են ունենալ մինչև 30 րոպե տևողություն: «Կինո առանց սահմանի» անվանակարգը փառատոնի միակ տարածքն է, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր, կինո նորարարություն, վիդեոարթ:

«Փառատոնին ֆիլմերի մասնակցության 400 և ավելի հայտ է ստացվել, որոնցից մրցութային անվանակարգերում կցուցադրվի 74-ը»,- նշեց Գագիկ Ղազարէն:

«Մէկ կադր, մէկ րոպե» անվանակարգում ներառված է 31 ֆիլմ, որոնցից 15-ը կներկայացնեն Հայաստանը: Այս անվանակարգի ժյուրի կազմում են ռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոօպերատոր, պրոդյուսեր Մկրտիչ Բարոյանը, նկարիչ, ռեժիսոր Օվսաննա Շեկոյանը, դերասան, վիդեոարտիստ Գայանե Եղիազարյանը:

«Կարճ ֆիլմեր» անվանակարգում կցուցադրվի 24 ֆիլմ, որոնցից 8-ը կներկայացնեն Հայաստանը: ժյուրին նախագահում է կինոգետ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը, իսկ ժյուրի անդամներն են՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Վիկտորյա Ալեքսանյանը, կինոօպերատոր, կինոարտադրող Անդրանիկ Սահակյանը, կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը:

«Կինո առանց սահմանի» անվանակարգում ներառված է 17 ֆիլմ, որոնցից 5-ը կներկայացնի Հայաստանը: Նշված անվանակարգի ժյուրիի միակ անդամը Արմինե Անդան է:

«Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, բայց ես անկեղծորեն հավատում եմ, որ աշխարհը ստեղծելով են փոխում: Մենք բոլորս մեր ստեղծելիքը եթե ստեղծենք՝շատ-շատ աստղեր կվառվեն ու մեզ շատ մեծ ուժ կտան, այնպես որ եկեք ուղղակի ստեղծենք այն, ինչին մենք հավատում ենք: Եվ ես ուզում եմ այսօր ձեզ հետ կիսել մեր ստեղծածը»-բացման խոսքում ասաց Արմինե Անդան:

Գագիկ Ղազարէի խոսքով՝ ՀՀ անկախության 30 տարվա խորհրդին համահունչ, այս տարի ձգտել են հրավիրել այնպիսի մարդկանց, ովքեր անկախության շրջանի սերնդից են, կամ այդ շրջանում են իրենց գործունեությունը իրականացրել: Նա նաև նշեց, որ հաստատվել է  հայկական ֆիլմերի արտադրության համար տրվող դրամական մրցանակը, ինչին աջակցել է Հայաստան համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր հերթին կարևորեց երկրում ժամանակակից արվեստի խրախուսումն ու զարգացումը, որովհետև, ըստ նրա, դա մարդկային մտածողություն է փոխում: «Մենք չենք կարող շարունակ անել այն, ինչ արել ենք 70-80 տարի առաջ, կամ ուղղակի ռեֆլեկտիվ ինչ-որ բանի արձագանքել: Կարծում եմ, որ «Մէկ կադր» փառատոնն իր մեջ կրեատիվ է ներառում»,-ասաց  նա:

Փառատոնի օրերին կինոցուցադրություններին կհաջորդեն քննարկումները: Նախորդ տարիների համեմատությամբ՝ փառատոնն այս անգամ «հատուկ ծրագրեր»-ով շատ հագեցած չի լինի: 

Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

Փառատոնի ամբողջական ծրագիրն՝ այստեղ

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1036

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: