Իրանական կինոյի օրեր Երևանում

Համաշխարհային կինեմատոգրաֆիայում իր կայուն և ուրույն տեղն ունի իրանականը։ Այս երկրի կինոն աշխարհին տվել է այնպիսի մեծանուն ռեժիսորներ և դերասաններ, ինչպիսիք են Աբբաս Քիառոսթամին, Ջաֆար Փանահին, Ասղար Ֆարհադին, Գոլշիֆթե Ֆարահանին և այլք։ Սակայն հայերիս շրջանում կարծես իրանական ֆիլմերն այդքան էլ մեծ ճանաչում չունեն․ թերևս պատճառներից գլխավորն այն է, որ դրանք հիմնականում պարսկալեզու են և սովորաբար չեն թարգմանվում։

Ճանաչողական այդ բացը լրացնելու և հայ կինոմանին իրանական ֆիլմերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ազգային կինոկենտրոնի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» միջոցառումը։

Առաջին ֆիլմը, որ կցուցադրվի, Էբրահիմ Հաթամիքիայի «Թիկնապահ»-ն է։ Այն պատմում է Հեյդար անունով մի թիկնապահի մասին, որ ստանձնել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության գործը։

Սեպտեմբերի 24-ին էկրան կբարձրանա «Վիլլայի բնակիչները» ֆիլմը, որը 1985 թվականի պատերազմական օրերին ժամանակավորապես վիլլայի տարածքում ապաստանած Իրանի բանակի հրամանատարների ընտանիքների պատմությունն է։ Ֆիլմի ռեժիսորը Մոնիր Ղեյդին է, իսկ գլխավոր դերում խաղում են Սորայա Ղասեմին և Թաննազ Թաբաթաբային։ 

Երրորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, ցուցադրվելու է ռեժիսոր Նիքի Քյարիմիի «Գիշերային հերթափոխ» ֆիլմը։ Նահիդը՝ գլխավոր հերոսուհին, խաղաղ կյանքով ապրում է իր ամուսնու ու դստեր հետ։ Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս, երբ հայտնում են, թե ամուսինը ցանկանում է ինքնասպանություն գործել։ Սկզբում Նահիդը չի հավատում այդ ասեկոսեներին, սակայն որոշ ապացույցներից հետո սկսում է ավելի լուրջ վերաբերվել հարցին։ 

Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները՝ երեք ֆիլմերն էլ ներկայացվելու են հայերեն ենթագրերով:

Բոլոր ֆիլմերը սկսվելու են ժամը 19:00-ին, մուտքը ազատ է, իսկ ցուցադրությունները կլինեն «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում։

 

Արեգ Բագրատյան

  • Created on .
  • Hits: 1341

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: