«Ոսկե ծիրան»-ը մեկնարկեց կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով
Մեկ շաբաթ շարունակ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից, մասնակիցը լինելու մի շարք միջոցառումների. մեկնարկեց 18-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կնոփառատոնը:
Փառատոնի բացմանը ներկա էին անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվեցին կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ: Փառատոնի հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի զոհվածների հիշատակը՝ կոչ անելով ազատել հայ գերիներին:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը իր խոսքում նշեց․
«Եկել է նոր սերունդ, որ չի վախենում դժվարություններից. ստեղծում է և արվեստ, և կյանք: Այսօր իմ կարևոր գործն է` տալ մրցանակ որը կոչվում է «Փարաջանովյան թալեր»: Այդ մրցանակից ստանում են շատ կարևոր մարդիկ»,-ասաց Հարություն Խաչատրյանը և բեմ հրավիրեց փառատոնի պատվավոր հյուր՝ ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին` հանձնելու մրցանակը:
Նշենք, որ Փոլ Շրեյդերը Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստն է, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր:
Փառատոնը մեկնարկեց իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին։
«Դժվար կացության մեջ հայտնված թե գեղարվեստական, թե հայեցակարգի ընտրության առումով` մենք փնտրում էինք ֆիլմ, որը կներառեր և կհամադրեր երկու շատ կարևոր բան փառատոնի համար. մեկը` անսահման սերը կինոյի հանդեպ, և մյուսը, որ պարունակում է հետպատերազմի նյարդը, ինչ-որ բան, որը մեզ հանգիստ չի տալիս և մի բան, որ հանգիստ չի տալիս այն արվեստագետին, որին կոչելու ենք «Վարպետ», քանի որ համոզված ենք, որ վարպետն այն մարդն է, որ օգնում է, որ մենք հաղթահարենք, կոտրում է սահմաններ և բացում է դռներ»,- իր խոսքն ավարտելով` Կարեն Ավետիսյանը բեմ հրավիրեց իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդին և նրան հանձնեց «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը:
Նադավ Լապիդը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար՝ խոստովանելով, որ իր համար անակնկալ էր այն ստանալը։ Նա նաև հավելեց՝ ուրախ է մրցանակը ստանալ Շրեյդերից հետո։
Մերի Հովհաննսիյան
- Created on .
- Hits: 1500