Երվանդ Երկանյանի 70-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով

 

Նոյեմբերի 26-ին՝ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ կունենան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան)։

Համերգին կհնչեն Երվանդ Երկանյանի խմբերգային և գործիքային ստեղծագործությունները:

Նշենք, որ Երվանդ Երկանյանը 1987-1994թթ. եղել է հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը․ այդ տարիներին մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավար, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։

Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր։

  • Created on .
  • Hits: 1045

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: