Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կներկայացվի «Ձայն մարդկային» մոնոօպերան

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 4-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան։
Մոնոօպերայում հերոսուհուն մարմնավորում է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը, դաշնամուրային նվագակցումը՝ Վասիլի Ռոլիչի, ֆրանսերենի մասնագետ-խորհրդատու՝ Սերինե-Լյուբա Թադեվոսյան։
Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան գրված է Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թ.-ին, իսկ Հայաստանում՝ 2021 թ․ հուլիսին։
Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, որը անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն, իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար: Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է․ «Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»:
- Created on .
- Hits: 1317