Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը. տարբեր երկրներից մասնակցում են 19 թավջութակահարներ
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկել է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։
Բացման համերգը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկավ անվանի ջութակահար Քրիստոֆ Բարատին։ Համերգը ղեկավարեց Սերգեյ Սմբատյանը։ Հնչեցին Արամ Խաչատրյանի սյուիտը՝ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն՝ «Սպարտակ» բալետից և կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը։
Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այս տարի մեծաթիվ դիմորդներից նախընտրական փուլը հաղթահարել և առաջին փուլին մասնակցելու են 19 թավջութակահարներ տարբեր երկրներից՝ Հայաստան, Բելգիա, Ռուսաստան, Վենեսուելա, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Չինաստան, Ռումինիա, Մոլդովա, Բելառուս, Շվեյցարիա, Իսպանիա և Իտալիա:
Խաչատրյանական մրցույթը բաղկացած է երեք փուլից. հունիսի 7-ին և 8-ին կկայանա մրցույթի առաջին փուլը, հունիսի 9-ին և 10-ին՝ երկրորդ փուլը, հունիսի 11-ին և 12-ին՝ երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Խաչատրյանի ստեղծագործություններից։
Մրցույթի ժյուրին կազմված է հեղինակավոր երաժիշտներից: Այն կգլխավորի մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը, որի սաներն այսօր հանդես են գալիս մեծ բեմերում։ Ժյուրիի կազմում են դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի և կամերային երաժշտության ուսուցիչ, նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Վերբիեր փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի՝ «Reuning & Son»-ի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար, Ֆ. Լիստի անվան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Իշտվան Վարդան, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը, թավջութակահար Յին Ջաոն։
Արդյունքները կամփոփվեն և կհայտարարվեն հունիսի 13-ին՝ մրցույթի փակման պաշտոնական արարողության ընթացքում։
Մրցույթի առաջին մրցանակակիրը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի, երկրորդ տեղը զբաղեցնող մասնակիցը կստանա 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մրցանակ, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող մասնակիցը կպարգևատրվի 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ, որոնց մասին կհայտարարվի մրցույթի փակման արարողության ժամանակ։
Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից անդամակցում է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 1179