Կրկին Հայաստանում է աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը
Երևանում Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան հունիսի 17-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում և հունիսի 18-ին` ժամը 19:00-ին, Գյումրիում` Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանը կիսում է երաժշտության հանդեպ իր սերը հանդիսատեսի հետ: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել է բազմակողմանի մասնագիտական կենսագրություն նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու: Ունջյանը պատկանում է մեր ժամանակների կարևորագույն դիրիժորների դասին:
Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին որպես մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, որի յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը` ներկայումս Պատվավոր դիրրիժորը` Փիթեր Ունջյանը, ճանաչվել է Տորոնտո քաղաքի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:
Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո Փիթեր Ունջյանը կրկին Հայաստանում է և կրկին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչի սիմֆոնիկ երկացանկի ամենագեղեցիկ և նշանակալից ստեղծագործություններից՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը:
Ունջյանն իր ասուլիսին ուրախությամբ էր նշում այն, որ այս անգամվա այցը հատուկ այց է, որովհետև իր հետ են եկել իր քույրերը, նրանց ամուսինները, դիրիժորի կինն ու որդին։ Համերգի գաղափարը դիրիժորի մտերիմ ընկեր, հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆիինն է։ Ունջյանն ուրախությամբ էր նշում այն, փաստը, որ կրկին հայրենիքում է և կարող է ելույթ ունենալ սիրելի նվագախմբի հետ։ Նրա խոսքով՝ աշխատանքները հեշտ են ընթացել, քանի որ նվագախումբը պատրաստակամ է եղել դիրիժորի հետ աշխատելուն։
Մքդաֆին ասում է, որ ընտրված գործը կատարել է քառասուն տարի առաջ, երբ երիտասարդ էր։ Նրա նշմամբ՝ այն ժամանակ գուցե այդքան հասուն չէր և լուրջ չէր վերաբերում ստեղծագործությանը, բայց տարիներ անց, հատկապես հայաստանյան համերգի համար, որոշեց վերցնել հենց այս գործը, քանի որ արդեն հասունացել է այս ստեղծագործության մեկնաբանման համար։ Ջութակահարի խոսքով՝ աշխատանքը հեշտ է, երբ Ունջյանն է բեմին։ Երաժիշտները ևս փաստում են սա՝ ասելով, որ մաեստորի հետ աշխատնաքը ոչ միայն հեշտ է, այլև գերագույն հաճույք։ Երգչախումբը ողջ կազմով և ոգևորությամբ սպասում է ամառային այս ջերմ համերգին։
Նատալի Մկրտչյան
- Created on .
- Hits: 1196