Սա այն համերգն է լինելու, որը հանդիսատեսն ըմբոշխնելու է. Դավիթ Թերզյան

Հունիսի 21-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը մեծ ոգևորությամբ նշելու է իր հիմնադրման 85-ամյակը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը կվայելի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անկրկնելի կատարումները հայտնի տենորներ՝ Պերճ Քարազյանի և Հայկ Թոնգուրյանի մասնակցությամբ։ Տոնական երեկոյին կհնչեն Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։ Գրեթե ինը տասնյակ տարի ամբողջ աշխարհում մեծ համբավ վայելող երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: Մինչև 1939 թվականը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանը: 1939 թվականից մինչև 1944 թվականը, ինչպես նաև 1954-1960 թվականներին երգչախումբը ղեկավարել է Արամ Տեր-Հովհաննիսյանը: Իսկ 1961թ. սեպտեմբերից մինչ օրս երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը:

Իր հարուստ պատմության ընթացքում երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» (1969թ.), այնուհետև՝ «Վաստակավոր կոլեկտիվ» կոչմանը (1975թ.): 2012-ին երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և հայտնի դասական այլ կոմպոզիտորների մեծաթիվ հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ: Երգչախմբի նվաճումներից էին ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթի Առաջին մրցանակը: Խմբի ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում արժանացել է “Grand Prix“ մրցանակի: Երգչախմբին շնորհվել է նաև Շվեյցարիայի Montreux միջազգային փառատոնի մրցանակը (1999թ.): Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du Liban, Le Provençal և այլ պարբերականները մշտապես ընդգծել են երգչախմբի և նրա գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի մասնագիտական բարձր մակարդակն ու աչքի ընկնող նվաճումները: 

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում երգչախումբը հանդես է եկել Փարիզի Palais des Congrès, La Salle Pleyel, Théâtre des Champs ­Elysées, Լոնդոնի Queen Elizabeth Hall և Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, Նյու Յորքի Avery Fisher Hall, Բոստոնի Symphony Hall, Դետրոյթի Orchestra Hall, Լոս Անջելեսի Scottish Rite Auditorium, Մոսկվայի կոնսերվատորիայի և այլ աշխարհահռչակ համերգասրահներում:

Կանադայում թողարկվել են երգչախմբի «LITURGIE ARMENIENNE», իսկ Մոսկվայում «LITURGY of KOMITAS» ձայնասկավառակները:

«Այս ծրագիրը բավականին հետաքրքիր և հագեցած է, որի ժամանակ լինելու է նաև ֆիլմի ցուցադրություն՝  մեր անցած ուղու մասին: Սկզբում հանդիսատեսը կունկնդրի ակապելա՝ 4 կատարում Կոմիտասից մաեստրո Չեքիջյանի և երգչախմբի կատարմամբ, այնուհետև կմիանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Հատվածներ կլինեն՝ Մոցարտից, Մասկանյիից, Վերդիից և այլոցից, հանդիսատեսին սպասվում են բազում անակնկալներ: Հատուկ հյուրերի ցանկում է նաև Պերճ Քարազյանը, որը ժամանել է Հայաստան հենց այս համերգային ծրագրի համար: Համերգը կեզրափակվի «Ադիամոս» սիմֆոնիկ ստեղծագործությամբ 12-րդ համարով»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ակադեմիական երգչախմբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թերզյանը: Ղեկավարը հույս ունի, որ ամեն բան կարվի պատշաճ մակարդակով. թե՛ համերգասրահը լեփ-լեցուն կլինի, թե՛ կատարողները կգոհացնեն ներկա գտնվողներին: Երաժիշտները մեծ ոգևորությամբ ու սիրով են պատրաստվում գալիք համերգին, անհամաբերությամբ ու սիրով լցված սպասում սիրելի երգչախմբի հոբելյանական օրվան:

Պարոն Թերզյանի խոսքով՝ այսքան դրական բաների կողքին կան խոչընդոտներ, որոնք կապված են ֆինանասավորման և տեխնիկական խնդիրների հետ, որովհետև նվագախմբի բյուջեն քիչ է, ու չնայած դրան` նրանք փորձում են ամեն կերպ ներգրավվել և իրազեկ պահել հասարակությանը համերգների մասին: Ղեկավարի խոսքով՝ սա այն համերգն է լինելու, որը հանդիսատեսն ըմբոշխնելու է:  

 

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 1266

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: