«Բաղձալին» վերադառնում է` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
«Երկար սպասված, բաղձալի, ցանկալի», հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրին` հայ հանդիսատեսի համար, հիրավի, երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի վերադարձը բեմահարթակ։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։
Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե` ներկայիս Մալաթիա, քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։
Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդումն ու պատիժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»: Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի աստղաբույլ՝
ՊԱՈԼԻՆԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/
ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան
ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան
ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան
ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան
Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/
Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/
Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Cultural.am-ը խոսել է կազմակերպիչներից Պերճ Քարազյանի հետ, ըստ նրա՝ սա այն օպերաներից է, որը մեծ ու ջերմ ընդունելության է արժանացել աշխարհով ու ձեռք բերել իր հանրաճանաչությունը: Այն վերականգնվել է 5 տարի առաջ, սակայն համավարակի և պատերազմի հետևանքով կրեց տևական դադար ու այսօր նորից վերադառնում է բեմ, ցուցադրվում Հայաստանում նորովի: Քարազյանի խոսքով՝ այս օպերան խորհրդանշական է հայ ազգի համար, որովհետև իրադարձությունները կատարվում են հին Հայաստանում և հենց ինքը՝օպերան, հայերի մասին է: Մեծ ուշադրություն է դարձված քրիտոնեության ընդունման ժամանակահատվածին և նրան, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոենությունը: Կազմակերպիչը նշեց, որ օպերայի զարդերից մեկը Անահիտ Մխիթարյանն է, որը բեմում հանդես կգա իր յուրօրինակ կատարմամբ: Այս գործը իսկական բարձր կատարողական արվեստ է, որի մատուցումը տոն կդառնա:
Ներկայացումը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Նատալի Մկրտչյան
- Created on .
- Hits: 1213