Հաշմանդամությունը չպետք է լինի խոչընդոտ․ Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը
Սեպտեմբերի 6-10-ը Երևանում կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:
Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը։ Ըստ նրա՝ փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային։ Մեկ գաղափարի շուրջ հավաքվելու են կրթության, ներառական ոլորտների մասնագետները, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ու պատանիները, արվեստագետներ։
Փառատոնի գլխավոր նպատակն է ապահովել ներառականությունը, ներառական մտածողությունը: Հաշմանդամությունը չպետք է լինի խոչընդոտ:
«Համապատասխան պայմանների պարագայում նրանք պետք է հնարավորություն ունենան իրենց հմտությունները զարգացնելու, դրսևորելու: Փառատոնը հենց դրա մասին է, որտեղ հանդես են գալու հաշմանդամություն ունեցող այն երեխաները, որոնք այս կամ այն հմտություններ ունեն երաժշտական ասպարեզում»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք նպատակ ունեն հավասար պայմաններ ընձեռել բոլորին՝ սովորելու, ստեղծագործելու, արարելու, բացահայտելու կարողություններն ու իրականացնելու երազանքները միասնական հարթակում՝ կողք կողքի: Փառատոնի բացման արարողությունը կկայանա սեպտեմբերի 6–ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Նախատեսված է փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդես ու համերգային ծրագիր: Սեպտեմբերի 7-8-ը միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, երաժշտական և արտ թերապիայի մասնագետներ, երաժշտության ուսուցիչներ, լոգոպեդներ, ծնողներ:
«Փորձի փոխանակման նպատակով հրավիրել ենք մասնագետներ Բահրեյնից, Ռուսաստանից, Գերմանիայից, Հորդանանից: Հայաստանի մասնագետներն ու ծնողները հնարավորություն կունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար մասնագետների գիտահետազոտական աշխատանքներին և դիտարկելու նրանց փորձը»,- հավելեց Նաիրա Սարգսյանը:
Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին գալա համերգով, որը տեղի կունենա Գաֆէսճան արվեստի կենտրոնի տարածքում: Համերգին երգիչների հետ համատեղ ելույթով հանդես են գալու հաշմանդամություն ունեցող երեխաները:
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 1190