Պարիսպներ քանդող գրականություն

    Արևելքի ու արևմուտքի սահմաններն ու պարիսպները չգոյանում են, երբ ներս է մտնում արվեստը: Այսօր «պարիսպները» քանդելու հերթը դրամատուրգիայինն էր, որը Հայաստանի գրողների միության կլոր դահլիճում համախմբել էր հայ և իրանցի դրամատուրգներին, բեմադրիչներին ու թարգմանիչներին:
  Մեկշաբաթյա գրական-թատերական հանդիպումների մեկնարկը սկսվեց փոխադարձ ծանոթություններով, դրամատուրգիայի և թատրոնի ներկա խնդիրների, Իրանում՝ Դրամատուրգների միության տարեգրքի, այստեղ՝ Կարինե Խոդիկյանի հիմնած և խմբագրած «Դրամատուրգիա» հանդեսի, դրանց ֆինանսական օժանդակության և այլ հարցերի մասին զրույցներով: Ներկայացվեց մշակութային հագեցած ծրագիրը. ըստ որի՝ իրանցի հյուրերը պետք է լինեն Հայաստանի մշակութային ուշարժան մի շարք վայրերում՝ Էջմիածին, Զվարթնոց, Փարաջանովի թանգարան, այցելություններ և հանդիպումներ են լինելու նաև Ծաղկաձորում և Վանաձորում: Իսկ հայ ընթերցասերների համար թերևս լավագույն նվերը Իրանի ժամանակակից դրամատուրգիայի հայերեն թարգմանությունն է, որ մեկ ամբողջական գրքով հայ ընթերցասերին կներկայացվի երկուշաբթի օրը՝ շնորհանդեսի ժամանակ: Եվ առավել ուրախալի է, որ հայ գրողների գործերն էլ պարսկերեն են թարգմանվել:
IMG 0927    Հայ-պարսկերեն, պարսկերեն-հայերեն թարգմանությունների և առհասարակ իրանական գրականության մասին մեզ հետ սիրով զրուցեց բանաստեղծ, թարգմանիչ Էդիկ Հախվերդյանը: Նա նշեց, որ իրանական գրականությունը և մշակույթը հնամենի են և հարուստ ավանդույթներ ունեն՝ սկսած դեռևս վաղ միջնադարից՝ Ֆիրդուսի, Օմար Խայամ և այլք, որ դեռևս վաղուց հարստացրել են հայ թարգմանական գրականության գանձարանը: Իսկ վերջին տասնամյակում հայ-իրանական գրական և միջմշակութային կապերի ամրապնդման գործում Էդիկ Հախվերդյանը կարևորեց իրանահայ թարգմանիչների՝ Վան Արյանի, Վահե Արմենի և այլոց ավանդը: Էդիկ Հախվերդյանն ինքն էլ հայերեն է թարգմանել ժամանակից շատ հեղինակների, իսկ պարսկերեն նրա թարգմանությամբ լույս է տեսել մեր ժամանակի լավագույն արձակագիրներից մեկի՝ Գուրգեն Խանջյանի «Շարժասանդուղք» պատմվածքը: Հենց Էդիկ Հախվերդյանի թարգմանություններից մեկը այն երեք-չորս իրանական թատերգություններից է, որ ներառվել է «Դրամատուրգիա» հանդեսում: Իրանական թատերգության այսպիսի սակավաթվությունը խմբագիր Կարինե Խոդիկյանը մեկնաբանեց դրանց՝ հայ հանդիսատեսի համար անընկալելի լինելու փաստով: Իսկ, առհասարակ, հայ դրամատուրգիայի հիմնական խնդիրն, ըստ Խոդիկյանի, հայ բեմադիչների գիրք՝ ի մասնավորի հայ ժամանակակից գրականություն, չկարդալն է:

IMG 0932    Հուսանք, որ նմանատիպ միջոցառումները, գրական հանդիպումները ոչ միայն երկու երկրների գրողներին միմյանց ճանաչելու և գրական փորձը փոխադարձելու հրաշալի առիթ կլինեն, այլև հնարավորություն հայ և իրանցի ընթերցողին ճանաչելու հարևան երկրի գրականությունը և մշակույթը, քանի որ ինչպես իր խոսքում նշեց Իրանի Դրամատուրգների միության նախագահը`գրականությունը մարդու համար է, մարդու մասին է՝ անկախ ազգությունից, սեռից և կրոնական պատկանելությունից:
                                                                                                                                                                                                                                                     Անի Հովնանյան

  • Created on .
  • Hits: 3220

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: