• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Նախորդ տարվա հաջողության նշաձողը այս տարի ևս պահելու ենք․Կոմեդիայի պետական թատրոնը նոր ծրագրեր և ներկայացումներ է պատրաստում

Նախորդ տարվա հաջողության նշաձողը այս տարի ևս պահելու ենք․Կոմեդիայի պետական թատրոնը նոր ծրագրեր և ներկայացումներ է պատրաստում

9 առաջնախաղ, 196 ներկայացում, ավելի քան 60 հազար հանդիսատես․ սա 2022 թվականին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գրանցած հաջողություններն են։

Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  նշեց՝ անցյալ տարին թատրոնի համար հաջողված տարի էր։ Երաժշտական կոմեդիայի թատրոն լինելով՝ թատրոնի ղեկավարությունը, ճիշտ է, 2022–ին երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված երբեմն մտածել է ներկայացումներ հանելու մասին, բայց կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները։

2022 թվականին Կառավարությունը հատկացրել էր ավելի քան 350 մլն դրամ՝ թատրոնի տեխնիկական վերազինման համար․ «Մոտ 70 մլն դրամի ձեռքբերումներն արդեն եղել են, և թատրոնն այժմ ունի գովազդային LED էկրաններ, ժամանակակից թատերական պրոյեկտոր և էկրան, ժամանակակից թատերական պրոյեկտր։ Ձայնային, լուսային սարքավորումների համար 4 մրցույթ էր անցկացվել, բայց մասնակիցներ չեն եղել: Տարեվերջին հինգերորդ մրցույթն անցկացրեց թատրոնը, և վերջապես հաղթող գտնվեց 280 մլն դրամի ձայնային, լուսային տեխնիկայի ձեռքբերման հարցով: Կառավարությունը փոխանցել է թատրոնին գումարը, և ըստ պայմանագրի՝ մինչև այս տարեվերջ ձայնալուսային սարքավորումները ձեռք կբերվեն և կմոնտաժվեն»,– ասուլիսի ժամանակ թատրոնի ձեռքբերումները ներկայացրեց Շահբազյանը:

2022–ին թատրոնը նաև մարզային տարբեր այցելություններ է ունեցել․ Գորիսի պետական թատրոնում ներկայացվել է Սամվել Խալաթյանի պիեսը, որի բեմադրիչն է եղել թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։ Թատրոնի արստիսներ Արթուր Կարապետյանն ու Սաթիկ Հախնազարյանը Գորիսում նույնպես բեմադրել են ներկայացում, որն ընդգրկվել է Գորիսի պետական թատրոնի խաղացանկում․ «Այս տարի մարզերում ևս հյուրախաղեր կունենանք, առաջնահերթությունը Սյունիքի, Տավուշի մարզն է։ Նախատեսված են ներկայացումներ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում։ Արդեն հստակ է, որ ապրիլ–մայիս ամիսներին Գյումրիում կբեմադրենք  «Մորգանի խնամին» ներկայացումը։ Մեր մշտական համագործակցությունը Հրազդանի թատրոնի հետ է, որը շատ լավ է աշխատում։ Այս տարվա ընթացքում մարզերի թատրոններից համագործակցություն լինելու է Հրազդանի, Վանաձորի, Գյուրմու, Գավառի թատրոնների հետ»։

2023 թվականին թատրոնը ևս պահելու է նախորդ տարվա հաջողության նշաձողը։ Շահբազյանի խոսքով՝  նախատեսել են 8 նոր ներկայացում, որոնց մի մասի փորձերն արդեն սկսվել են: Թատրոնի տնօրենը վստահ է, որ առաջնախաղերն ավելին են լինելու, քան նախատեսված են:

«Փետրվարի 25–26-ին կլինի «Բանալին երկուսի համար» ներկայացման պրեմիերան, որի բեմադրիչը Անուշ Սարգսյանն է։ Փետրվարի 28–ին հանդիսատեսին կներկայացնենք «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է: Զուգահեռ հիմա փորձեր են ընթանում և մարտին Սամսոն Ստեփանյանը կներկայացնի Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսի հիման վրա բեմադրվող ներկայացումը։ Համագործակցություն ունենք նաև հրավիրյալ ռեժիսորների հետ․ անցյալ տարի Արթուր Սարիբեկյանը, որը հրավիրված ռեժիսոր էր, թատրոնում ներկայացրեց «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը, որը կմասնակցի Հունգարիայում մայիսին կայանալիք թատերական միջազգային փառատոնին: Այս տարի ևս հրավիրել ենք նրան․ կներկայացնի «Կապույտ մորուքի յոթ կանայք» ներկայացումը թատրոնում»,– ասաց Շահբազյանը։

Աշնանը թատրոնում պատրաստ կլինի նաև Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր», ապրիլին էլ «Կոսայի տատը» ներկայացումները։ Սեպտեմբերին էլ բեմ կբարձրանա «Վեսթսայդյան պատմություններ» ներկայացումը, որի փորձերը ընթանում էին դեռևս 2020 թվականից. ներկայացմանը մասնակցություն ունի թատրոնի ողջ կազմը։

Նոր ներկայացումներից բացի թատրոնի համար նաև հագեցած գրաֆիկ է սպասվում միջազգային փառատոներին մասնակցելու առնչությամբ։ Թե ի՞նչ ծրագրեր կան արտերկրում հյուրախաղերի վերաբերյալ և ի՞նչ նորություններ ունի թատրոնը, Cultural.am–ի հարցին պատասխանելով՝ Շահբազյանը ներկայացրեց․ «Հայ համայնքի պահանջով հյուրախաղի հրավեր ունենք ԱՄՆ, որը ստացել ենք դեռ 2022–ին և մինչ օրս ուժի մեջ է։ Փետրվարի 12-18-ը Միլանի թատերական միջազգային փառատոնին կմասնակցենք «Արքան հրապարակում» ներկայացմամբ: Արդեն հրավեր ունենք հունիսին Կիպրոսում կայանալիք թատերական միջազգային փառատոնին մասնակցելու համար․ ներկայացվելու է «Ներոն և Սենեկա» ներկայացումը»։

Փետրվարի 20-25-ը ԱՄԷ-ում կայանալու է թատերական միջազգային կոնգրեսը, որտեղ ներկա են լինելու բազմաթիվ երկրների թատերական փառատոների ղեկավարներ, ներկայացուցիչներ, որտեղ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը ևս մասնակցելու է՝ միջազգային կապերն ընդլայնելու նպատակով:

Բացի թատերական ներկայացումներից, փառատոներից, Շահբազյանի խոսքով՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում, հատկապես` հաշմանդամություն ունեցող երեխաներին, որոնց համար թատրոնը նոր ծրագրեր ու նորություններ ևս ունի։  Վերջերս, օրինակ, հուշագիր է ստորագրվել թատրոնի և  «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից, որը նպաստելու է ներառական կրթական ծրագրերում մշակույթի ընդլայնմանը։

Cultural.am–ը այս մասով ևս հետաքրքվեց թատրոնի տնօրենից․մեր հարցին ի պատասխան` Շահբազյանը նշեց՝ ներառական կրթական  կենտրոնի երեխաները պետք է հաճախ մասկացեն ներկայացումներին, մասնակից դառնան փորձերին և հանդիպումներ ունենան տարբեր արտիստների հետ։ Թատրոնը և կենտրոնը երեխաների հետ կապված շատ հարցերում են համագործակցելու։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 655

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: