Նախագիծ, որ կոչված է միավորելու Հայաստանի, Իրանի ու Վրաստանի արվեստագետներին

Մայիսի 30-ին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում բացվեց վրացի գեղագիր և նկարիչ Գիորգի Սիսաուրիի անհատական ցուցահանդեսը, որով էլ մեկնարկեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծը։

«Դերձակ Թերձի» խորագիրն ունեցող այս ցուցահանդեսով Միսաուրին անդրադարձ է կատարում արվեստի երկու հնագույն ձևերի՝ գեղագրության և դերձակության միահյուսմանը, որոնք ժամանակակից աշխարհում մոռացության են մատնվում կամ հազվագյուտ են:

GAK mshakutayin xachmeruk 2

Ըստ հեղինակի՝ արվեստի այս  երկու ճյուղերից մեկն առաջացել է այն ժամանակ, երբ մարդն առաջին անգամ որոշել է հագնվել, իսկ մյուսը՝ երբ մարդն իր մտքերն ու կարծիքները հավերժացնելու համար առաջին անգամ գրել է բառը։ Ներկայիս թվային և տեխնոլոգիական դարաշրջանում  վերացել են մարդկության այս մեծագույն երկու նվաճումները՝ ձեռագրերը փոխարինվել են տպագիր գրքերով, իսկ ձեռքով պատրաստված հագուստը ՝ մասսայական արտադրության արտադրանքով:  Հետևաբար, ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տեսնելու այս երկու ուղղությունների միահյուսումը և գնահատելու դրանց մշակութային նշանակությունը: Ըստ էության «Դերձակ Թերձին» արվեստի, մշակույթի և պատմության փոխառնչությունների հետաքրքրաշարժ ուսումնասիրություն է:

GAK mshakutayin xachmeruk 3

«Հազիվ թե որևէ մեկն իմանա, որ ես իմ բոլոր ստեղծագործություններին անուններ եմ տվել: Եթե Միքելանջելոն պատկերաքանդակը կենդանացնում էր քարի մեջ ու ազատություն տալիս դրանց, ապա ես դա անում էի գործվածքով, իսկ իմ գործիքը՝ «կտրիչ», ասեղն էր:  Յուրաքանչյուր հագուստ ունի իր բնավորությունն ու հոգին: Երբ ես սկսեցի դա հասկանալ, հրաշքով անձնավորված հագուստն ինքն էր արվեստի լուռ լեզվով ականջիս շշնջում իր անունը»,- նշում է հեղինակը:

GAK mshakutayin xachmeruk 4

Գիորգի Սիսաուրիի խոսքով՝ սա իր առաջին այցելությունն է Հայաստան: «Սիրահարված եմ ձեր քաղաքին և շատ ուրախ եմ, որ հենց այս այցի շրջանակում եմ ներկայացնում ցուցադրությունը: Հայաստանն ու Վրաստանը մշակութային շատ նմանություններ ու տարբերություններ ունեն, նմանություններից մեկն էլ սերն է գեղագրության նկատմամբ»:

Բացի նշված ցուցադրությունը, նախագծի շրջանակում մինչև հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում  և Դիլիջանում տեղացի արվեստագետների հետ կլինեն հանդիպումներ, կանցկացվեն տիկնիկագործության, պարի, վիզուալ արվեստի, գեղագրության, պատմասացության վարպետության դասեր և աշխատարաններ: Դրանցում իրենց փորձով կկիսվեն արվեստագետներ Էլնազ Շեշգելանը (տիկնիկավար, պարող), Թորֆե Էխլասին (տիկնիկագործ), Զահրա Յազդանի Նիան (վիզուալ արտիստ), Գիորգի Մետրևելին (խորեոգրաֆ), ինչպես նաև Գիորգի Սիսաուրին:

GAK mshakutayin xachmeruk 1

Մշակութային օրակարգ է սպասվում նաև հրավիրյալ արվեստագետներին։ Հայկական արվեստին ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար նախատեսվում են այցելություններ թանգարաններ և արվեստի կենտրոններ։ 

Երևանյան և մարզային ստորաբաժանումների միջոցով հայ երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան այս ծրագրի շրջանակում ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ: ԳԱԿ տնօրեն Վահան Բադալյանի խոսքով՝ գեղագիտության ազգային կենտրոնը հարթակ կհանդիսանա բոլոր հետաքրքիր նախագծերի իրականացման համար:

Գեղագիտության ազգային կենտրոնն այս նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 549

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: