Կանցկացվի «Newmag Summer Fest» գրքի երրորդ փառատոնը

Հունիսի 17-ին «Երազ» այգում կանցկացվի «Newmag Summer Fest» 2023-ը: Կեսօրից մինչև կեսգիշեր՝ ավելի քան 10-ը ժամ, կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, բաց դասախոսություններ, ինչպես նաև գրքեր՝ մեծ զեղչերով։
Newmag հրատարակչության կողմից անցկացվող գրքի ամառային փառատոնի նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:
«Մեր փառատոնային քաղաքականությունը խարսխված է այն գաղափարի վրա, որ բոլորը՝ և՛ ընթերցասերները, և՛ գրականագետները, և՛ հրատարակիչները, և՛ տպագրիչները, և՛ գիրք վաճառողներն ու գնորդները, հավաքվեն մի հարթակի շուրջ, և քննարկվեն ժամանակակից միտումները: Այսպիսով՝ մենք ոչ միայն գիրք ենք ներկայացնում, այլև անցկացնում ենք պանելային քննարկումներ տարբեր թեմաներով»,- առաջիկա փառատոնի առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:
Այս տարի հրատարակչությունը կներկայացնի համաշխարհային հինգ նոր գիրք. Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը», Լարի Սենի «Տրամադրության վերելակը», Քլայվ Սթեյփլ Լուիսի «Զուտ քրիստոնեություն» (հաստատվել է Մայր Աթոռի կողմից), Թիմոթի Սնայդեր «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից», ինչպես նաև Միհրան և Նարե Գալստյանների հայրենադարձման խնդիրներն ու հնարավորությունները ներկայացնող մի գիտական աշխատություն: Ըստ Գնել Նալբանդյանի՝ նախորդ տարի ավելի շատ գիրք են ներկայացրել, իսկ այս տարի հրատարակչությունը որոշել է ներկայացնել հինգը՝ ձգտելով հայ ընթերցողին հասցնել աշխարհի համար կարևոր գրականությունը:
«Այս փառատոնը տարբերվելու է մեր մյուս փառատոններից, որովհետև լինելու է ավելի մասշտաբային, ծրագիրը գերհագեցած է, ունենք շատ անակնկալներ ընթերցասեր հասարակության համար»,- ասաց «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ հրատարակչությունը մասնակցում է նաև գրքի այլ փառատոնների, այդ թվում՝ արտաքին շուկայում:
«Փառատոններին մասնակցելը առհասարակ շատ է նպաստում հրատարակչության գործունեությանը, որովհետև դա առաջին հերթին լավ հնարավորություն է շփվելու ընթերցողների հետ: Մենք լսում ենք կարծիքներ, և հրատարակիչ-ընթերցող շփումն այս փառատոնների ընթացքում միշտ ստացվում է»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես են ընտրվում տեղացի գրողների հրատարակվելիք ստեղծագործությունները՝ Գնել Նալբանդյանը պատասխանեց, որ դա բարդ հարց է, քանզի թիմային ընտրությամբ է որոշվում:
«Շատ դժվար է գրական ճաշակը դարձնել արտադրական պրոցեսի հիմք: Իհարկե, մենք պատկերացնում ենք, որ մեր օրերում չկան Համո Սահյաններ, Մաթևոսյաններ, Դերենիկ Դեմիրճյաններ: Գուցե գիգանտների ժամանակը անցել է սովետական կայսրության հետ, գուցե այդ մարդիկ նոր են ծնվում, գուցե իրենք ճանապարհ պիտի անցնեն, բայց ժամանանակից հայ հեղինակին մենք ու մյուս հրատարակչությունները ևս պիտի հնարավորություն տանք: Մենք շատ ենք քննարկում ժամանակակից հեղինակներին, ընտրում ենք ըստ հանրաճանաչության, էստեթիկական պատկերացումների համատեղելիության, արդյո՞ք կարող ենք այդ հեղինակի հետ երկար ճանապարհ անցնել: Կան հեղինակներ, որոնց ստեղծագործությունը մի անգամ է տպագրվել, և կան հեղինակներ, որ գիտենք դեռ մի քանի անգամ տպագրվելու են»:
Բանախոսների խոսքով՝ իրենց ուղղված առաջարկներին հետևելով՝ սկսել են ստեղծել նաև մանկական գրականություն: Իսկ այս գրքատոնին կլինի նաև մանկական գերհագեցած ծրագիր:
Փառատոնը կունենա 6 լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ կընթանանան գրական տարբեր միջոցառումներ: Մուտքն ազատ է, տարիքային սահմանափակում չկա:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 936