Քանդակի բացում և հարգանքի տուրք՝ նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հիշատակին

Հունիսի 16-ին լրացավ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի (1923-2009 թթ.) 100-ամյակը: Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թվականին Երևանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Երևանի մանկավարժական ինստիտուտում, արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ Չուբարյանի գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և տարբեր մասնավոր հավաքածուներում։ Հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի։ Արվեստագետի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ
Մեծամասշտաբ միջոցառումների շրջանակում նախ Երևանի քաղաքային պանթեոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցեցին Ղուկաս Չուբարյանի հիշատակի խնկարկման արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով արվեստագետի շիրիմին, միացել էին նաև Չուբարյանի ընտանիքի անդամներն ու ընկերները, մի շարք մտավորականներ:
«Մեր քաղաքային միջավայրն անպատկերացնելի է առանց նրա քանդակների: Դրանք մեր քաղաքի մի մասն են: Հոբելյանական տարիները ևս մեկ առիթ են՝ վերաիմաստավորելու և վերարժևորելու մեր արվեստագետների թողած հսկայական ժառանգությունը: Միջոցառումների շարքը, որը նախատեսված է անցկացնել Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ևս մեկ անգամ հնարավորություն կտա ներկայացնելու, պատմելու Չուբարյանի քանդակների մասին, ինչպես նաև դրանք դարձնելու ճանաչելի և տեսանելի մեր դպրոցականների համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշեց, որ ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ արվեստագետներ Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի հոբելյանները պատշաճ կազմակերպելու և նշելու համար, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:
«Չնայած կյանքի դժվարություններին՝ նրանք ստեղծել, արարել են, հարստացրել են քաղաքը, երկիրը, մշակութային միջավայրը, ինչու չէ՝ մեր էմոցիոնալ և հոգևոր աշխարհը: Այն արձանները, որոնք դրված են քաղաքում՝ Մաշտոցի, Թումանյանի արձանները, մեր կենսագրության, քաղաքի, մեր հիշողության մեջ արմատավորված են: Դրանք արժեքներ են, առանց որոնց մենք չենք պատկերացնում մեր քաղաքը և մշակույթը»,- հավելեց փոխնախարարը:
Այնուհետև Երևանի Մանկական այգում հանդիսավորությամբ բացվեց Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը: Քանդակը նվիրված է Չուբարյանի անհայտ կորած եղբոր հիշատակին, որը նահատակվել էր 1942 թվականին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, որի աճյունը գտնվել է 2007 թվականին: Հոր մասին հուշեր պատմեց արվեստագետի դուստրը՝ Անուշ Չուբարյանը: Ասում է՝ հոր ամենասիրելի օրը Հայաստանի անկախության օրն էր։
«Ասում էր՝ չի հավատում, որ այդ օրը տեսել է: Հայրս կարծում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը մեծ պատիվ է, և մեզ նույնպես այդկերպ է դաստիարակել: Իսկ ինչ վերաբերվում է քանդակին՝ այն ամենևին էլ ցավի մասին չէ. այն սիրո, մարդասիրության մասին է, որը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը: Հայրս կենսուրախ և լավատես մարդ էր՝ չնայած կյանքի բարդ պայմաններին»,- պատմում է քանդակագործի դուստրը:
Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում էլ տեղի ունեցավ «Մեծանուն հայեր. Ղուկաս Չուբարյանի 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումը իրականացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի որդի Գրիգոր Չուբարյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
2023 թվականի հունիսի 16-ին շրջանառության մեջ դրված 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Ղուկաս Չուբարյանը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը ստեղծելիս: Նամականիշի վրա նաև պատկերված է 100 թիվը, որը խորհրդանշում է Ղուկաս Չուբարյանի հարյուրամյա հոբելյանը, ինչպես նաև՝ «Ղուկաս Չուբարյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարման արարողությանը հաջորդեց «Հովեր» երգչախմբի համերգը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 943