• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Գեղեցիկ դադարից առաջ»․ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Օհան Դուրյանին նվիրված փաստագրական ֆիլմի պրեմիերան

«Գեղեցիկ դադարից առաջ»․ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Օհան Դուրյանին նվիրված փաստագրական ֆիլմի պրեմիերան

«Ո՞րն է գեղեցիկ դադարը աշխարհում՝ «Մահը»»։

Հենց այսպես էր բնութագրում գեղեցիկ դադարը մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը, իսկ  իր կյանքի գեղեցիկ  դադարների մասին  պատմող ֆիլմը հուլիսի մեկին հանձնվեց հայ հանդիսատեսին։

Ֆիլմի փակ դիտումը կայացել էր 2022 թվականի տարեվերջին: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան։ Դիրիժորի կյանքի արխիվային կադրերը, դեպի Հայաստան ճանապարհն ու դիրիոժորական գործունեության մասին պատմող այս ֆիլմը հանդիսատեսին ասելու շատ բան ուներ։

Մինչ ցուցադրությունը ֆիլմի պրեմիերային նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը նկատեց՝ էկրանն ասելու շատ բան ունի, և այդ էկարնն էլ հանդիսատեսին տարավ դուրյանական աշխարհով։

«Ֆիլմում ներկայացված են նաև այն տառապանքները ու չարչարանքները, որոնք կրել է երաժիշտը սեփական հայրենիքում։ Այն քարոզում է համամարդկային արժեքներ, և ես վստահ եմ, որ մեր երկրի սահմաններից դուրս ևս այն կգնահատվի։ Դրանում երաժշտական ձևավորումն այնքան ճիշտ է արվել, որ անհնար է այն դիտելուց հետո չդառնալ դասական երաժշտության երկրպագու»,– ասում է դիրիժորի մտերիմ ընկերը՝ Վահան Վարդապետյանը։

Վարդապետյանի խոսքով՝ իր մտահղացումները չէին կարող կյանքի կոչվել, եթե չլիներ հոբելյանական կառավարական հանձնաժողովի աջակցությունը, միևնույն ժամանակ պատմում, թե ինչ միասնական աշխատանքի շնորհիվ է ֆիլմը կյանքի կոչվել։

Ֆիլմի նկարահանումները լայն աշխարհագրություն ունեն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն, ֆիլմի ստեղծագործական խումբը հանդիպել, զրուցել է բոլոր այն մարդկանց հետ, որոնք ինչ–որ ընթացքում շփվել կամ աշխատել են Մաեստրոյի հետ։ Հիշողություններ, դրվագներ․ այդ բոլորը զետեղված են դիրիժորի մասին պատմող ֆիլմում։

«Ի սկզբանե գիտեինք մաեստրոյի մեծությունն ու համաշխարհային կերպարը և հասկանում էինք՝ չենք կարող սահմանափակվել միայն ներհայաստանյան մոտեցումներով՝ ներկայացնելու նրա ստեղծագործական ուղու գոնե մի մասը։ Որպես ռեժիսոր այս ֆիլմն իմ կենսագրության մեջ իր ուրույն ու շրջադարձային տեղն ունի։ Իհարկե, էկրանն է ցույց տալու, թե ֆիլմը որքանով է հաջողված, և հանդիսատեսն արդյոք կընդունի այն, սակայն կարող եմ փաստել՝ կատարել ենք նրբանկատ, խորը և երկար աշխատանք՝ փորձելով ինչ-որ կերպ ներկայացնել մաեստրոյի իրական կերպարը»,– պատմում  է նա։

Դիրիժորի կյանքի ուղին նկարագրելուց մինչև սեփական երկրում հետապնդվելու, երաժշտական մեծ տաղանդի մասին է ֆիլմը։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի կարծիքով ֆիլմն ավելին է լինելու, քան զուտ Օհան Դուրյանի անցած ուղին և կյանքը, որովհետև նա իր կենսագրության մեջ ամփոփում է այդ ժամանակների բոլոր հակասությունները՝ հասարակական, քաղաքական կյանքն իր բոլոր վայրիվերումներով, բարդություններով և խիզախումներով՝ բարոյական և քաղաքացիական։

Ֆիլմի անունն էլ պատահական չի ընտրված, քանի որ Վարդապետյանի խոսքով,  Դուրյանը սիրում էր գեղեցիկ դադարներ։

ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի հաստատած միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 553

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: