Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է

Հուլիսի 9-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց  «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնը: Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցան կարմիր գորգով։

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

Voske tsiran 7

Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Կինոփառատոնն այս տարի անցկացվում է «Հետ նայելով ապագային» խորագրի ներքո:

Voske tsiran 4

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը կինոյում ունեցած ավանդի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց Լյուկ և Ժան Պիեր Դարդեն եղբայրներին և Տակեշի Կիտանոյին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթի խոսքում նշեց, որ տարին հոբելյանական է թե՛ հայկական կինոյի, թե՛ անիմացիայի, թե՛ փառատոնի համար։

«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն: Ամեն տարի մենք հնարավորություն ունենք առնչվելու միջազգային հեղինակավոր ֆիլմերին ու հյուրընկալելու կինոաշխարհի համաշխարհային դեմքերին, ինչը նոր պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար։ Այս տարվա ծրագիրն էլ չափազանց հագեցած է: Չորս տասնյակից ավել ֆիլմեր ենք դիտելու, և ուրախ եմ, որ երկու տասնյակից ավելին հայկական արտադրության ֆիլմեր են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Voske tsiran 3

Փառատոնի բացման արարողությանը հաջորդեց բելգիացի  ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի հակաուտոպիստական «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշեց, որ ֆիմի հայկական կողմի համարտադրող, պրոդյուսերը Անժելա Ֆրանգյանն է, որը նաև ռեժիսոր-վավերագրող է և իր վավերագրության ճանապարհով մեկնել է Արցախ ու ընկել շրջափակման մեջ: Քանի որ առայժմ այնտեղից վերադառանլը անհնար է, որոշել են Ֆիլմը նույն օրը ցուցադրել նաև շրջափակված Արցախում։

Լուկա

««Լուկայի» վրա աշխատել ենք մոտ հինգ տարի: Նախատեսված էր, որ այն նկարահանվելու է Հայաստանում, բայց սկսվեց պատերազմը: Եվ,փաստորեն, այսօր էլ, փառատոնի բացմանը, շրջափակման պայմաններում եմ ողջունում իմ շատ սիրելի ռեժիսորին: Ինձ համար այս  ֆիլմը նախևառաջ քայլ անելու մասին է դեպի անորոշություն: Եվ մենք շատ երկար ժամանակ այդ անորոշության մեջ ենք»,- տեսաուղերձով ասաց Անժելա Ֆրանգյանը:

Voske tsiran 5

Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնի անցկացման հիմնական վայրերն են Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը: Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում: Փառատոնը կտևի մինչև հուլիսի 16-ը: Փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։Այդ օրը հայտնի կդառնան նաև այս տարվա հաղթողների անունները:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 746

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: