Մեկնարկեց «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողովը

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ միջոցառումները շարունակում են երաժշտագիտական հաղթարշավը։ Այս անգամ ակադեմիական միջավայրում կատարված հետազոտությունների գիտական արդյունքներն ամփոփել են հայ երաժշտագետները, արվեստաբանները օտարերկրյա գործընկերների հետ միասին։
Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նախաձեռնության կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Այն իրագործվում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։

Aram Khachatryan 120 gitajoxov 4

Գիտաժողովի հետազոտական աշխատանքներին մասնակցում են շուրջ 8 երկրներ ներկայացնող գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ: Բացի բուն գտաժողովից, ՀՀ ԳԱԱ ճեմասրահում ներկայացվեց նաև խաչատրյանագիտության ձեռքբերումներին անդրադարձող ցուցադրությունը։ Գիտական զեկուցումներով են հանդես գալիս ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատողներ՝ նոր լույս սփռելով Արամ Խաչատրյանի կյանքի հետաքրքիր դրվագների և բազմաբովանդակ երաժշտական ժառանգության վրա։ 

Aram Khachatryan 120 gitajoxov 5

«Խաչատրյանագիտությունը շարունակում է նոր զարգացումներ ապրել։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հայտնի է նշանավոր կոմպոզիտորի կյանքի, գործունեության մասին, սակայն հետազոտությունները շարունակվում են։ Այս առումով մեծ աշխատանքներ են կատարվում ակադեմիական միջավայրում, և ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ևս այս առումով շարունակում է աշխատանքներ տանել։ Մենք նպաստում ենք այդ աշխատանքներին, և վերջերս դրա արդյունք են համարվում ինստիտուտի հրատարակած ժողովածուները»,- ասաց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։

Aram Khachatryan 120 gitajoxov 3

Գիտաժողովի նախօրեին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան են այցելել պատվավոր հյուրեր՝ Ել. Ֆ. Գնեսինայի բնակարան-թանգարանի տնօրեն Անդրեյ Գապոնովը և ֆոնդապահ Աննա Ավդեևան: Թանգարանում բացվել է «Հավերժ երախտապարտ Արամից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրվում են Ել. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող եզակի նյութերը։ Ցուցանմուշները պատմում են Արամ Խաչատրյանի և Գնեսինների ընտանիքի մասին: Հյուրերը նաև մասնակցում են գիտաժողովին։ Հայաստան էր ժամանել նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ, թանգարանագետ Օլգա Կուզինան։

Aram Khachatryan 120 gitajoxov 2

«Ես կարծում եմ, որ այսօր անչափ կարևոր է նման ձևաչափի մեծամասշտաբ գիտաժողովի կազմակերպումը Հայաստանում։ Արամ Խաչատրյանի դերն անչափ մեծ է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, և մենք պետք է այսպիսի առիթներով մեծարենք կոմպոզիտորին։ Պետք է նշեմ՝ այո՛, այսօր ուրախ եմ, որ հսկայական գրական աշխատանքներ են կատարվել, մեծ գրականություն ունենք Խաչատրյանի գործունեության վերաբերյալ։ Այստեղ գիտաժողովի ընթացքում էլ ներկայացվեցին դրանցից քանիսը, իրապես հեղինակները մեծ գործ են կատարել»,- փաստում է Օլգա Կուզինան։

Aram Khachatryan 120 gitajoxov 7

ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ այն երջանիկներից է, որը հանդիպել և լսել է Խաչատրյանի դիտարկումները։ Ուրախությամբ հիշում է Առնո Բաբաջանյանի մեկնաբանությունը տաղանդավոր կոմպոզիտորի մասին։

«Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք անշուշտ մեծ դեր ունեն թե՛ գիտական նստաշրջանի կազմակերպման, թե՛ կոմպոզիտորների միության գործունեությանը նպաստելու և Խաչատրյանի գործը պահպանելու գործում։ Ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանին, իրոք, նա եղել է մեծ կոմպոզիտոր։ Այդ մասին են վկայում ոչ միայն նրա գործերն ու ավանդը, այլ նաև այն ազդեցությունը, որ նա թողել է մեր սերնդի վրա։ Ես եղել եմ այն մարդկանցից մեկը, որ տեսել է, հանդիպել է Խաչատրյանին։ Հիշում եմ, երբ նա կոմպոզիտորների միությունում էր, սիրում էր հարցնել, թե ով, որ կոմպոզիտորի գործերն ու ոճն է սիրում։ Այդ կերպ նա պատկերացնում էր կոմպոզիտորական ուղղությունները։ Շատերը նաև հենց նրա անունն էին տալիս, ինչը խոսում էր նրա դերի, համբավի, ստեղծագործական հզորության մասին։ Այդ ժամանակ նա ժպտում էր։ Մեծ է նաև Խաչատրյանի ազդեցությունը մեր մի շարք կոմպոզիտորների վրա։ Առնո Բաբաջանյանի մասին շատերին է հայտնի։ Բայց նաև պետք է նշեմ Էդվարդ Միրզոյանին, Ղազարոս Սարյանին։ Էդգար Հովհաննիսյանը ևս շատ է ազդվել, ներշնչվել Արամ Խաչատրյանի ոճով։ Դա վառ արտահայտված է «Պատվի համար» ֆիլմում»,- ասում է Արամ Սաթյանը։

Aram Khachatryan 120 gitajoxov 6

Գիտաշրջանին զեկուցմամբ հանդես եկավ նաև ԱՄՆ-ից Կաուֆմանի երաժշտական կենտրոնի պրոֆեսոր, երաժշտագիտության դոկտոր Նունե Մելիքյանը։ Զեկուցման թեման է «Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան. Տարբեր սերունդների երկու կոմպոզիտորների հարաբերությունների զարգացումը»։ Նրա խոսքով՝ հայ երաժշտական ավանդույթների մեջ Արամ Խաչատրյանին կարող ենք համարել ամենանշանավորը։ Դա պայմանավորված է նրանով, որ բավական հասուն տարիքում երաժշտական կրթություն ստանալով՝ նա կարողացավ դուրս գալ անգամ իր աշխարհագրական սահմաններից։ «Ջութակի կոնցերտը» նրան համաշխարհային ճանաչում բերեց։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 964

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: