«Նա կարողացավ անշունչ առարկաները շնչավոր դարձնել». ՀԱՊ-ում բացվեց Հակոբ Հակոբյանին նվիրված հոբելյանական ցուցահանդես

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց անվանի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Այն ներկայացնում է նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:
Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:
Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ հեղինակի աշխատանքները ներկայացված են չորս ցուցասրահներում: «Առաջին սրահում մեկտեղված են նկարչի եգիպտական շրջանի (1954-1962) ստեղծագործությունները: Այստեղ շատ հետաքրքիր է մարգինալացված մարդու կերպարը, որն ամբողջովին փոխվում է հայրենադարձվելուց հետո»:
Եգիպտական շրջանի նրա գործերը անցյալի հուշերի և անորոշ իրականության զուգորդումներ են, ապրումների ինքնատիպ պատկերում, որը միևնույն ժամանակ նաև փնտրտուքի էտապ էր: Այս ընթացքում նկարչին մշտապես հուզել է անորոշ ճակատագրին համակերպված կամ դատապարտված մարդկանց թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից մարդուն ներկայացնելու կերպը: Եվ իր կտավներում պատկերված անձանց ֆիզիկական տեսքը, օրինակ՝«Վիշտը», «Կինը հայելու առաջ»,լիովին բացահայտում են մարդկային ներաշխարհը:
1962 թվականի հայրենադարձությունից հետո նկարչի՝ նախկինում հոգեհարազատ մարդու կերպարի պատկերումը փոխակերպվում է բնության պատկերման:
«Ավելի ուշ՝1970-1980 թվականներին, ներանձնային ապրումների,երկրի անկախացման տարբեր փուլերում, նկարիչը տարբեր կերպ մոտեցավ մարդու պատկերման հարցին: Անմարմին հագուստների, քանդակային աշխատանքների շնորհիվ նա կարողացավ անշունչ առարկաները շնչավոր դարձնել»,-նկատեց Մարգարիտա Խաչատրյանը:
Հատկանշական է, որ Հակոբյանի արվեստում պարբերաբար հայտնվում է կոստյումի թեման: Անմարմին հագուստների շարքերի միջոցով կարծես արձագանքում է մարդկային լարված փոխհարաբերություններին, մարդկանց հոգեկան և բարոյական դատարկությանը:
Այսուհանդերձ, հեղինակի գործերում կյանքի անհույս վիճակին հակադրվում է աշխարհի գեղեցկությունը:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ցուցադրությունը մի անգամ հետաձգվել է, բայց, ի վերջո, որոշվեց իրականացնել այն: «Արվեստը այն կարևորևորագույն լծակն է, որի միջոցով մենք կարող ենք ոտքի կանգնել, պայքարել և հաղթանակ տանել: Հենց մշակույթի միջոցով կարող ենք ճանաչել ինքներս մեզ, հանրահռչակվել: Այսինքն`ամեն կերպ պիտի օգտագործենք այս լծակները»,- ասաց նա:
Կենտրոնական բանկն իր հերթին այս առիթով թողարկել է անվանի նկարչին նվիրված արծաթե հուշադրամ, որից մեկական նմուշ նվիրեց ազգային պատկերասրահին և նկարչի ընտանիքին:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 3602