• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամն ամփոփեցին Գրականության և ժամանակակից արվեստների փառատոնը

Newmag հրատարակչությունն ու «Թովմասյան» հիմնադրամն ամփոփեցին Գրականության և ժամանակակից արվեստների փառատոնը

Օրերս Դվին Մյուզիք Հոլլում կայացավ գրական տարվա սպասված և միաժամանակ նոր ձևաչափով աչքի ընկնող իրադարձություններից մեկը։ Գրքի և արվեստների  փառատոնը նախաձեռնել էին Newmag հրատարակչությունը և Թովմասյան բարեգործական հիմնադրամը։ Newmag-ն ընդլայնել է իր փառատոնների ձևաչափն ու ոլորտային շրջանակը։ Եթե նախկին փառատոնները գրքառատ էին և  միաժամանակ համեմված երաժշտական կամ պոետիկ ելևէջներով, ապա այս տարի հրատարակչությունը փառատոնն անվանել է    Գրքի և արվեստների։ Հիմքում արվեստի ճյուղերն են՝ թատերարվեստ, գեղարվեստ, երաժշտություն, ժամանակակից արվեստ։

Newmag 4

«Այս անգամ գրքի ձմեռային փառատոնին մենք որոշել ենք փոխել մեր ավանդական շնորհանդեսների ձևաչափը, ինչպես նաև լայնացնել մեր մասշտաբները, բացի գրքերից ներկայացնել նաև մշակութային այլ ոլորտները։ Մյուս փոփոխությունն այն է, որ պետք է հաշվի առնել նաև ժամանակակից մարտահրավերները, այդ կերպ կհետևենք արհեստական բանականության մասին քննարկմանը»,- ասաց հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը։

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների: Քննարկման ընթացքում Re:arrange փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանը զրուցում էր Armenian Code Academy և meet(al) ընկերությունների համահիմնադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանի, SuperAnnotate-ի հիմնադիր նախագահ Տիգրան Պետրոսյանի, ARLOOPA-ի հիմնադիր տնօրեն Արման Աթոյանի հետ։

Newmag 1

Փառատոնի բացումն ազդարարեց Արցախի Պետական Ջազ նվագախումբը։ Միացավ նաև Տավուշի թեմի երգչախումբը։ Այս տարի ներկայացվեցին նաև հրատարակչության 4 հայ հեղինակների գործերը։ Անի Քոչարի, Թովմաս Առաքելյանի, Գոռ Կարապետյանի, և Աստղիկ Սահակյանի գրքերի շնորհանդեսներից բացի, նորամուծություններից էր  նաև «Դյութե» ամսագրի շնորհանդեսը։

Գրքի և ժամանակակից արվեստների փառատոնը ներգրավվել էր նաև թատերասերներին. արդյունքում տեղի ունեցավ Ներսես Ավետիսյանի «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացումը։

Newmag 2

Գրքի և ժամանակակից արվեստների փառատոնի ողջ ընթացքում արվեստասերների համար հիանալի հնարավորություն էր ընձեռվել հետևել մի շարք խոշոր արվեստի գործերի։ Ահա օրինակ՝ ցուցադրությունների շարքում մեծ անակնկալ էր տեսնել նշանավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հաղորդակցման ճգնաժամ» շարքը, կամ Արման Նուռի «Ներսից», Իլյա Վարդանյանի «Թվային երազներ» խորագրով ցուցադրությունները։

Գրականության և ժամանակակից արվեստների փառատոնին Newmag hրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը հայտարարեցին գրական մրցույթի մասին։ Դեռ նախորդ ամիս փառատոնին ընդառաջ ստորագրվեց հուշագիր` ըստ որի կանցկացվի արցախցի հեղինակներին աջակցող համատեղ գրական մրցույթ, որի նպատակն է աջակցել արցախյան գրական ժառանգության և հեղինակների գրական գործունեության շարունակելիության ապահովմանը։

Newmag 3

«Նյումեգը և Թովմասյան հիմնադրամը որոշել են աջակցել արցախցի հայրենակիցներին, և միջոցառման ընթացքում ստացված հասույթը կփոխանցվի բարեգործությանը։ Կստեղծվի հանձնաժողով, և ողջ հասույթը կտրամադրվի այն արցախցի ստեղծագործողներին, որոնք տեղահանվել են, հայտնվել Հայաստանում և ուզում են Հայասանում շարունակել իրենց աշխատանքը։ Մեզ համար կարևոր է, որ նրանք ինտեգրվեն Հայատանյան հանրությանը և մնան որպես ինքնուրույն ստեղծագործողների համայնք։ Կընտրվեն այն ստեղծագործողները, որոնք ժյուրիի համոզմամբ կնպաստեն մեր համազգային արժեքների տարածմանը»,- ասաց հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 389

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: